Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն այսօր հեռախոսով են խոսել, հայտնում է պաշտոնական Բաքուն։
Քննարկվել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարը, նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգային հարցեր։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերն ընդգծել են համագործակցության ներուժը, քաղաքական երկխոսությանը տեմպ հաղորդելու կարևորությունը։
Այս տարվա հունվարի 29-ին Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում հավանություն տվեցին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
Բաքուն առաքելության տեղակայման առաջին օրից քննադատում է նրանց, մեղադրում լրտեսության ու տարածաշրջանային անվտանգությունը խախտելու համար։ Անցած տարեվերջին ադրբեջանցի պաշտոնյաներից մեկն անգամ հայտարարեց, թե եվրոպացի դիտորդների հեռացումը խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայմաններից է։