Մատչելիության հղումներ

«Ձեռքներդ հեռո՛ւ». ԱՄՆ-ում Թրամփից դժգոհ հազարավոր քաղաքացիներ ցույցի են դուրս եկել


Նյու Յորք, ԱՄՆ, 5-ը ապրիլի, 2025թ.
Նյու Յորք, ԱՄՆ, 5-ը ապրիլի, 2025թ.

ԱՄՆ բոլոր 50 նահանգներում շաբաթ բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել, որոնց մասնակցել են Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունից և կոնկրետ Իլոն Մասկի գործողություններից դժգոհ հազարավոր մարդիկ: Ցուցարարները համարում են, որ այն, ինչ անում են Թրամփն ու Իլոն Մասկը, «իշխանության զավթում» է միլիոնատերերի կողմից և ոտնձգություն ամերիկացիների իրավունքների և ազատությունների նկատմամբ:

«Ձեռքերդ հեռո՛ւ» կարգախոսով բողոքի ավելի քան 1400 զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել տարբեր նահանգներում, դաշնային շենքերում, Կոնգրեսի գրասենյակների դիմաց, զբոսայգիներում, քաղաքապետարաններում և այլ վայրերում, որոնց մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել նաև նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական քաղաքականության դեմ:

«Անկախ նրանից, թե դուք մոբիլիզացվել եք մեր ժողովրդավարության վրա հարձակումների, աշխատատեղերի կրճատման, անձնական կյանք ներխուժելու կամ մեր ծառայությունների վրա հարձակումների համար, այս պահը ձեզ համար է, - ասվում է միջոցառման թռուցիկներում,- Մենք մտադիր ենք զանգվածային, տեսանելի կերպով, ամբողջ երկրում մերժել այս ճգնաժամը»:

Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Իլոն Մասկի ղեկավարությամբ ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունն առ այսօր մոտ 200 հազար դաշնային աշխատատեղ է կրճատել: Թրամփը նաև աննախադեպ մաքսատուրքեր է սահմանել մոտ 60 երկրի նկատմամբ, ինչը մտավախություններ է առաջացրել, որ մի շարք ապրանքներ կթանկանան, իսկ այդ բեռը ստիպված կլինեն շարքային քաղաքացիները կրել:

Ցույցերի կազմակերպիչները երեք պահանջ ունեն՝ «վերջ տալ Թրամփի վարչակազմում միլիարդատերերի կողմից իշխանությունը զավթելու գործընթացին և մոլեգնող կոռուպցիային, դադարեցնել Medicaid-ի, Սոցիալական ապահովության և այլ ծրագրերի դաշնային ֆինանսավորումը, որոնցից օգտվում են միլիոնավոր աշխատողներ, ինչպես նաև վերջ տալ ներգաղթյալների, տրանսգենդերների և այլ համայնքների վրա հարձակումներին»:

Վաշինգտոնում բողոքի ակցիայի ժամանակ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյմի Ռասկինը (Մերիլենդ) հայտարարել է, որ ապագա չունի նախագահը, որը քաղաքականության հարցում վարվում է ինչպես Իտալիայի նախկին վարչապետ Բենիտո Մուսոլինին, իսկ տնտեսության հարցում՝ ինչպես ԱՄՆ 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերը:

«Մեր հիմնադիր հայրերը գրել են Սահմանադրություն, որը չի սկսվում «մենք՝ բռնապետներս» բառերով, նախաբանում ասվում է «մենք՝ ժողովուրդը», - ասել է Ռասկինը Վաշինգտոնի հուշարձանի մոտ հավաքված հազարավոր մարդկանց, որոնք պարզել էին Թրամփի վարչակազմին դատապարտող գրություններով պաստառներ։

«Ոչ մի բարոյական մարդ չի ցանկանում ունենալ տնտեսություն կործանող բռնապետ, որը գիտի ամեն ինչի գինը և չգիտի ոչ մի բանի արժեքը»,- ասել է օրենսդիրը:

«Եթե դուք ցանկանում եք ունենալ մի երկիր, որը դեռ հավատում է պատշաճ ընթացակարգին, մենք պետք է պայքարենք դրա համար, - Վաշինգտոնում անցկացված ցույցի ժամանակ ասել է Մինեսոտայից ընտրված դեմոկրատ Իլհան Օմարը, - Եթե դուք հավատում եք մի երկրի, որտեղ մենք հոգ ենք տանում մեր հարևանների, աղքատների մասին և համոզված ենք, որ մեր երեխաները ունեն ապագա, որին նրանք կարող են հավատալ, ապա մենք պետք է պայքարենք դրա համար»:

Ֆլորիդայից ընտրված Մաքսվել Ֆրոստն իր ելույթում կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ բողոքելով, նվիրաբերություններ անելով փոխադարձ օգնության նախաձեռնություններին և այլ գործողությունների: «Մարդկության պատմության ընթացքում, բռնապետները երբեք չեն բավարարվում իրենց ունեցած իշխանությամբ և այդ պատճառով փորձության են ենթարկում սահմանները, անցնում են այդ սահմանները, խախտում են օրենքը և հետո սպասում՝ տեսնելու՝ ինչպես է արձագանքում հանրությունը՝ լո՞ւռ է մնում, թե՞ բարձրաձայնում է իր բողոքը», - ասել է Ֆրոստը:

Լոս Անջելեսում ցուցարարները երթով պտտվել են քաղաքապետարանի շուրջը՝ վանկարկելով «Իշխանությունը՝ ժողովրդին» և պարզելով «Ձեռքներդ հեռո՛ւ կրթությունից» և «Դիմադրի՛ր, դիմադրի՛ր» գրություններով ցուցապաստառներ:


XS
SM
MD
LG