Մատչելիության հղումներ

«Ռոբերտ Քոչարյանը մեր կոմբինատում սարքավորումներն էր յուղում». Բաքվի դատարանում ցուցմունք են տալիս տուժողները


Ադրբեջան- Դատարանի շենքը, որտեղ տեղի են ունենում հայերի դատավարությունները, արխիվ
Ադրբեջան- Դատարանի շենքը, որտեղ տեղի են ունենում հայերի դատավարությունները, արխիվ

Բաքվի զինվորական դատարանում այսօր սկսել են ցուցմունք տալ 15 հայ ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով տուժող ճանաչված Ադրբեջանի քաղաքացիները:

Անկախ լրատվամիջոցների, փաստաբանների ու միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության մասին մանրամասներ է հաղորդել պետական «Ազերթաջ»-ը՝ տեղեկացնելով, որ Ստեփանակերտի նախկին բնակչուհի, տուժող 72-ամյա Նազեյկա Աթաքիշիևան պատմել է, որ աշխատել է Ղարաբաղի Մետաքսի կոմբինատում որպես ջուլհակ:

Նա ասել է, թե Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հետ այդ նույն կոմբինատում էր աշխատում, և զբաղվում էր սարքավորումների յուղման գործով, ավելի ուշ Քոչարյանը դարձել է կոմսոմոլի քարտուղար, ապա և հակաադրբեջանական շարժման առանցքային մասնակիցներից մեկը:

Տուժող ներկայացվող Նազեյկա Աթաքշիևան նաև պատմել է Ստեփանակերտում ադրբեջանցիներին այն ժամանակ լավ չէին վերաբերում, իսկ 1988 -ից հետո վիճակն ավելի է վատացել: Նրա խոսքով՝ հայերն իր ուղղությամբ քարեր էին նետում, վիրավորումն, ասում էին, թե հեռացեք այստեղից, մենք պետք է այստեղ ապրենք և այլն: 72-ամյա ադրբեջանուհին պնդել է, թե 1988 -ին իր տունը թալանել են ու ավերել են, որից հետո ստիպված ընտանիքով հեռացել է Աղդամ:

Դավիթ Բաբայանը փորձել է օգնել հարցաքննվող հայրենակցին և զգուշացում ստացել ադրբեջանցի դատավորից

Նախօրեին Բաքվի ռազմական դատարանում ադրբեջանցի մեղադրողի հարցերին են պատասխանել Հայաստանի 6 քաղաքացիներ՝ Լևոն Բալայանը, Մելիքսեթ Փաշանյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլի Բեգլարյանը ու Էրիկ Ղազարյանը: Նրանք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին մեղադրվում են ահաբեկչության, ապօրինի խմբավորում ստեղծելու, անդամակցելու և ռազմական մի շարք ծանր հանցագործությունների համար:

2023-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո գերեվարված Դավիթ Ալավերդյանը, պատասխանելով ադրբեջանցի մեղադրողի հարցերին, տեղեկացրել է, որ սովորել է Ստեփանակերտի համալսարանում, զինվորական ծառայությունն անցել է Ասկերանում: 2020 -ից պաշտոններ է զբաղեցրել գյուղատնտեսության ոլորտում, եղել է Արցախի գյուղատնտեսության նախարարի խորհրդական: Ըստ «Ազերթաջ»-ի, Դավիթ Ալավերդյանն ասել է, թե Լեռնային Ղարաբաղում ցորեն էին աճեցնում, որը հետո ուղարկում էին Հայաստան: Ի դեպ, Դավիթ Ալավերդյանը, նախօրեին հարցաքննված Մելիքսեթ Փաշայանի համագյուղացին է, Ասկերանի Սզնեք գյուղից:

Նույն գյուղից է նաև Ադրբեջանի դատարանի առջև կանգնած Գուրգեն Ստեփանյանը: Նա չնայած ծնունդով Ջերմուկից է, սակայն բնակվել է Արցախում, աշխատել է որպես վարպետ թե՛ Սզնեքում և թե՛ Ստեփանակերտում:

Հարցաքննված Հայաստանի մեկ այլ քաղաքացի՝ 46-ամյա Լևոն Բալայանը, պատմել է, որ ծնվել է Բաքվում, մասնակցել է 2020 -ի 44-օրյա պատերազմին: Ի դեպ, հարցաքննության ժամանակ նա դժվարացել է պատասխանել ադրբեջանցի դատախազի հարցերին: Արցախի նախկին արտգործնախարար, գերեվարված Դավիթ Բաբայանն, ըստ «Ազերթաջ»-ի, փորձել է օգնել Լևոն Բալայանին, ինչի պատճառով զգուշացում է ստացել դատավորից: Որից հետո Բալայանն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո ծառայել է Պաշտպանական բանակում, և ստացել 400-500 ամերիկյան դոլար աշխատավարձ:

Նախօրեին հարցաքննված Հայաստանի մեկ այլ քաղաքացի՝ Վասիլի Բեգլարյանն էլ պատմել է, որ զինվորական ծառայությունն անցել է Մարտակերտում, մինչև 2018 թվականը ապրել է Հադրութի շրջանում, ապա տեղափոխվել է Երևան և այնտեղ ապրել մինչև 2022 -ը: Նույն տարվա սեպտեմբերին վերադարձել է Ստեփանակերտ և զինվորական ծառայության անցել Պաշտպանական բանակում, ստանալով 400 հազար դրամի աշխատավարձ:

Ադրբեջանական դատարանի առջև կանգնած Հայաստանի մեկ այլ քաղաքացի՝ Էրիկ Ղազարյանը, պատմել է, որ 2021 -ին Ստեփանակերտ է եկել Ղափանից, զինվորական ծառայության անցնելու նպատակով: Ամսական ստացել է 400 հազար դրամ աշխատավարձ: Ղազարյանը, ըստ «Ազերթաջ»-ի, բացատրել է, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող էր Ղարաբաղում դիմել զինվորական ծառայության, դրա համար մի նախապայման կար՝ փոխել բնակության և գրանցման վայրը:

Նախորդ դատական նիստերի ընթացքում մեղադրող դատախազն արդեն հարցաքննել է ռազմաքաղաքական 7 ղեկավարներին՝ նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, գեներալ - մայոր Դավիթ Մանուկյաին, Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացկանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին:

Դատարանն անցել է տուժած ադրբեջանցիների հարցաքննությանը: Հայկական կողմը այս դատավարությունները որակել է շինծու, հայտարարելով, որ դրանք ընթանում են դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով:





Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG