Բաքվի ռազմական դատարանում այսօր հարցաքննվել է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը։ Ադրբեջանական պետական «Ազերթաջ»-ի հաղորդմամբ, Բաբայանը պնդել է, թե Արցախում որևէ պաշտոնատար անձ, այդ թվում՝ ինքը, Ադրբեջանի հետ ինտեգրացիան հեռանկարային չէր համարում։
2023 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Արցախի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումից օրեր անց Դավիթ Բաբայանը ինքն էր Ստեփանակերտից Շուշի մեկնել ու ներկայացել ադրբեջանցիներին՝ նախօրոք այդ մասին հայտարարելով Ֆեյսբուքում:
Շեշտելով, որ ինքն ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում՝ 52-ամյա Բաբայանը այդ օրը գրել էր. «Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ»:
Բաքվի զինվորական դատարանում հունվարին մեկնարկած դատաքննության ընթացքում արդեն իսկ ցուցմունքներ են տվել նախագահներ Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը: Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը Բաքուն առանձնացրել է Արցախի մյուս ղեկավարների գործից։
Բաքվում ընթացող դատավարությունից կարճ հատվածներ հաղորդում է միայն ադրբեջանական պետական մամուլը։ Հայ գործիչները հարցաքննվում են առանց անկախ փաստաբանների, անկախ լրատվամիջոցների ու միջազգային կառույցների։
Ադրբեջանի դատախազությունը հետաքրքրվել է նաև Բաբայանից՝ ի՞նչ լիազորություններով է նա պաշտոնավարման ընթացքում այցելել արտասահման։ Ըստ ադրբեջանական APA-ի՝ Բաբայանն ասել է՝ մեկնել էր արտերկիր որպես Հայաստանի քաղաքացի այն ժամանակ, երբ զբաղեցնում էր Արցախի արտգործնախարարի պաշտոնը և միջազգային ճանապարհորդությունների համար օգտագործել է հայկական անձնագիր։ Բաբայանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, թե ինչպես դիվանագիտական, այնպես էլ մյուս անձնագրերը տվել է Հայաստանի Հանրապետությունը։
Պաշտոնական Երևանը պնդում է, թե Ադրբեջանը ապօրինի, այդ թվում՝ հոգեներգործուն միջոցներով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից ցուցմունքներ է կորզում՝ հետագայում դրանք Հայաստանի դեմ օգտագործելու համար:
Ադրբեջանական բանտերում պաշտոնական տվյալներով 23 հայ է պահվում: Այժմ դատարանի առաջ են կանգնած Արցախի վրա 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո գերեվարված 16 հայերը։ Բաքուն արցախցի պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ցեղասպանությունից մինչև ահաբեկչություն ու ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։