Մատչելիության հղումներ

Վրաստանում բողոքի ակցիաները չեն դադարում. ոստիկանությունն ուժ է կիրառել


Թբիլիսիում երեկ ընդդիմության անցկացրած հակակառավարական բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 30 ցուցարար է բերման ենթարկվել, այդ թվում՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների կոալիցիա»-ի առաջնորդ Նիկա Մելիան: Վերջինս ավելի ուշ ազատ է արձակվել և պատմել, որ ոստիկանական բաժանմունքում իրեն նաև հարվածներ են հասցրել:

Ցուցարարները պահանջում են խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել վերջին ամիսներին ցույցերի ընթացքում ձերբակալվածներին: Նրանք կարճ ժամանակով փակել են քաղաքից դուրս եկող ճանապարհներից մեկը, սակայն ոստիկանությունը միջամտել է և արագ բացել այն: Ոստիկանները ուժ են կիրառել ցուցարարներին բերման ենթարկելիս, հայհոյել նրանց և նույնիսկ հարվածներ հասցրել: Ոստիկանության գործողությունների հետևանքով կան նաև տուժածներ:

«Միասնություն-Ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեն ասել է, որ իրավապահները վիրավորել են նաև բողոքի ակցիայի մասնակից կանանց, թեև ոստիկանությունը հերքել է դա։

«Սրանք ոստիկաններ չեն, սրանք սովորական վայրենիներ են և Բիձինա Իվանիշվիլիի ծառաները։ Մենք չենք վախենում նրանցից, մենք չենք վախենում: Նրանք անպարկեշտ խոսքերով վիրավորում են կանանց: Սա է նրանց դեմքը», - ասել է Դեկանոիձեն:

Ցուցարարներից մեկն էլ նշել է, որ ամեն ինչ սկսվել է նոյեմբերի 28-ից, երբ կառավարությունը որոշեց դադարեցնել Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը, այն դեպքում, երբ մարդկանց մեծ մասը կողմ է գործընթացին:

«Մենք 30 տարի պատրաստվում էինք Եվրոպայի մաս դառնալ, և այս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին եկավ ու այլ, բացարձակապես այլ խաղ է խաղում: Նա փոխում է Վրաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը, որպեսզի երկիրը պոկի Եվրոպայից և վերադարձնի դեպի Ռուսաստան: Եվ մենք չենք ընդունում դա, դա ոչ ոք չի ընդունի: Ոչ ոք չճանաչեց այդ խորհրդարանական ընտրությունները: Դրանք կեղծված էին», - շեշտել է նա:

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը դատապարտել է ոստիկանության կողմից ուժի կիրառումն ու ցուցարարներին բերման ենթարկելը:

«Թբիլիսիում խաղաղ ցուցարարների, լրագրողների և քաղաքական գործիչների դաժան ճնշումն անընդունելի է։ Վրաստանը չի արդարացնում թեկնածու երկրից ոչ մի ակնկալիք: ԵՄ-ն կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին՝ հանուն ազատության և ժողովրդավարության նրանց պայքարում», - X-ում գրել է նա:

Ցույցերից մի քանի ժամ անց Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Լևան Իոսելիանին, անդրադառնալով Թբիլիսիում ցուցարարների նկատմամբ իրավապահների կողմից բռնության դեպքերին, դատապարտել է դրանք, ապա ասել է, որ «յուրաքանչյուր դեպքի համար իրավական միջոցներ կձեռնարկեն:

«Մտահոգություն են առաջացնում քաղաքացիների, լրագրողների և քաղաքական գործիչների նկատմամբ ոստիկանության դաժանության և անհամաչափ ուժի կիրառման դեպքերը, որոնք ֆիքսված են բաց աղբյուրներում տարածված տեսանյութերում։ Տեղեկություններ են տարածվում նաև «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատորի մասին, որը վիրավորվել է ոստիկանների գործողությունների հետևանքով։ Մենք տեսել ենք նաև ուղիղ եթերով կադրեր, որտեղ ոստիկանները բռնության են ենթարկում կանանց, այդ թվում՝ կին քաղաքական գործիչների», - հայտարարել է ՄԻՊ-ը:

Վրաստանում հակակառավարական ցույցերն սկսվեցին անցած տարվա նոյեմբերի 28-ից, երբ իշխանությունները հայտարարեցին, որ դադարեցնում են Եվրոպական միության անդամակցության շուրջ բանակցությունները: Այս ընթացքում տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել: Արևմուտքն ի պատասխան մի շարք պատժամիջոցներ է կիրառել վրացի պաշտոնյաների նկատմամբ՝ ցույցերի ժամանակ մարդու իրավունքների աղաղակող խախտումների համար:

Եվրամիությունը հունվարի 27-ին դադարեցրեց առանց վիզայի ռեժիմը դիվանագիտական անձնագրեր ունեցող վրաց դիվանագետների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG