Գյումրիում առաջիկայում թեժ ընտրապայքար է սպասվում: Մի քանի ուժեր արդեն հայտարարել են մասնակցության մասին, ոմանք ակտիվ քննարկումների մեջ են, թե ինչ ձևաչափով են մասնակցելու:
Իշխող ուժը մարտի 30-ին կայանալիք արտահերթին միայնակ կմասնակցի, քաղաքապետի թեկնածուն համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է, որը պաշտոնին նշանակվելուց անմիջապես հետո համալրեց «Քաղաքացիական պայմանագրի» շարքերը: Երեկ վարչապետի մամուլի խոսնակ, ծննդով գյումրեցի Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում մի նկար էր հրապարակել՝ «քաղաքականացրեք» հեշթեգով՝ ՔՊ-ական մարզպետի, համայնքապետի պաշտոնակատարի, ԱԺ պատգամավորների հետ: Մամուլում գրեցին՝ փորձում են վարչապետին ցույց տալ, թե Գյումրիի ՔՊ-ում թևերի բաժանում չկա:
ՔՊ Գյումրիի կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը, որ համայնքապետի պաշտոնակատարի թեկնածուներից էր, պնդեց, թե լուսանկարով որևէ մեկին որևէ բան չեն ապացուցել: Գյումրիի փրայմըրիզից առաջ իր թիմակիցներին քննադատած Սարուխանյանը պնդեց՝ ՔՊ-ում թևերի բաժանում չկա, ամեն ինչ ուռճացված է ներկայացվում:
Այնուհետև ՔՊ գրասենյակում նիստ է գումարվել: Կարեն Սարուխանյանը չթաքցրեց, որ օրակարգում Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններն են եղել. «Կազմակերպչական հարցեր, սովորական աշխատանքային պրոցեսի մեջ ենք»:
Արտահերթին մասնակցելու մասին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է հայտարարել: ԱԺ-ի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է առաջիկա ընտրություններին իր մասնակցության մասին լուրերը: Եթե Վարդան Ղուկասյանն արդեն հայտարարել է, որ Կոմկուսով է առաջադրվելու, Մարտուն Գրիգորյանի պարագայում դեռ հստակ չէ: ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Մարտուն Գրիգորյանի խորհրդարանական գործընկեր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, թե ՀՀԿ-ն դեռ Գյումրիի ընտրություններին մասնակցելու մասին որոշում չի կայացրել:
Ընդդիմադիր Դաշնակցությունը որոշել է մասնակցել, բայց այս պահին պարզ չէ միայնակ, թե կոալիցիայով, «Ազատությանը» փոխանցեց ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի նախագահ Հովսեփ Սիմոնյանը:
«Մեզ համար էլ են կարևոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, առավել ևս երբ խոսքը վերաբերում է հանրապետության երկրորդ քաղաքացին, բայց կուսակցությունը դեռևս քննարկման փուլում է», - ասաց նա:
«Դեմոկրատական այլընտրանք»-ը ևս մտադիր է մասնակցել: Կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը «Կոնսոլիդացված ջանքերով կարող ենք հասնել ՔՊ պարտությանը» կարգախոսով ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորվելու նախաձեռնությամբ էր հանդես եկել: Մեկ հավաք կայացել է, մեկը՝ ոչ, քանի որ միայն ԴՕԿ կուսակցությունն էր արձագանքել: Ընդդիմադիր ուժերի համախմբման օրակարգով հավաքի չկայանալը Սուրենյանցը ողբերգություն չի համարում:
«Ամեն մեկս առանձին ենք գնալու ընտրություններին, ես այս կոնֆիգուրացիան նույնիսկ շատ հաջող եմ համարում ընդդիմության համար, որովհետև ՔՊ-ի հաղթանակի շանս չեմ տեսնում, եթե իհարկե հայտարարությունները, որ լսում ենք ընդդիմադիր ուժերից, իրականության հետ կապ ունեն», - ասաց նա:
Հարցին, թե արդյոք առանձին մասնակցությամբ ընդդիմադիրների ձայները չեն փոշիանա, Սուրենյանցը պատասխանեց, որ իդեալական կլիներ, որ ընդդիմությունը մի ցուցակով մասնակցեր. «Այդ դեպքում իշխանության շանսերը համարյա զրոյական կդառնային»:
Նա ասաց, որ իրենք սկզբունք են որդեգրել, որով էլ առաջնորդվելու են, թե ում հետ են համագործակցելու, ում հետ՝ ոչ. «Երբեք չենք համագործակցելու ՔՊ-ի հետ, երկրորդ՝ ընդդիմադիր որևէ ուժի չենք թիրախավորելու, երրորդը՝ ամեն ինչ անելու ենք, որ ավագանիում ներկայացված ընդդիմադիր ուժերը կոնսենսուսի գան և քաղաքապետի մեկ միասնական թեկնածու ունենան»:
Եվրոպամետ ուժերի հետ համագործակցությունը բացառում են: Առնվազն մեկ կուսակցություն՝ «Հանուն Հանրապետությանը», արդեն հայտարարել է Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին: Արևմտամետ մյուս ուժերը դեռ լուռ են: