Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանը և ևս մեկ հոգի ձերբակալվել են


Վարդան Ղուկասյանի համակիրները հավաքվել են ոստիկանության մոտ, Գյումրի, 20-ը փետրվարի, 2025թ.
Վարդան Ղուկասյանի համակիրները հավաքվել են ոստիկանության մոտ, Գյումրի, 20-ը փետրվարի, 2025թ.

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահն «ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել», հայտնում է Ղուկասյանի ֆեյսբուքյան էջը:

Հայտարարության մեջ նշվում է, որ սա իշխանական հրամանով կատարված գործողություն է` «ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը»:

Բացի այդ, հաղորդվում է, որ մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև:

ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել և տեղափոխվել է քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով:

ՆԳՆ-ից նաև հաստատեցին, որ նրա հետ ոստիկանություն բերման ենթարկված ևս մեկ հոգի է ձերբակալվել:

Այսօր ավելի վաղ ԿԸՀ-ն որոշել էր, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։ Ղուկասյանը հայտարարել է ընտրապայքարին Կոմկուսի ցուցակով մասնակցելու մասին:

Ոստիկանության Շիրակի մարզային բաժնի մոտ հավաքվել են մի քանի տասնյակ մարդիկ, հիմնականում՝ Ղուկասյանի աջակիցներ: Այստեղ էր նաև Կոմկուսի երկրորդ քարտուղար, նախկին փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, որը հարցազրույցում ասաց, որ այս ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի: Նրա հաղորդմամբ՝ ձերբակալությունը տեղի է ունեցել գրասենյակից տուն ճանապարհին: Այստեղ հավաքված քաղաքացիները, որ ականատես են եղել, ասացին, որ առանց պետհամարանիշներով մեքենաներով են ոստիկանություն տարել:

XS
SM
MD
LG