Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար ու քաղաքապետի ապագա իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանն այս օրերին ակտիվ բակային հանդիպումներ է անցկացնում, բայց չի ընդունում ընդդիմության շարքերից հնչող քննադատությունը, թե քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ փորձում է գյումրեցիների ձայները ստանալ: Քարոզարշավը կսկսվի մարտի կեսերին:
«Չեմ ընկել թաղեթաղ, գնում ենք տարբեր ծայրամասային թաղեր, ոչ մեկը չի կարող ասել՝ ընկել են թաղեթաղ: Իմ համար գլխավորը մեր գյումրեցիների պահանջն է, լսել, ականջալուր լինել, խնդիրներին անձամբ ծանոթանալ, որպեսզի կարողանանք ճիշտ լուծումներ տալ», - նշեց Մինասյանը:
Գյումրեցիներն այս հանդիպումների ընթացքում հիմնականում ասֆալտապատ ու լուսավոր փողոցներ են պահանջում, դժգոհում թափառող շներից: Սարիկ Մինասյանը պնդում է, թե գերադասում է աշխատասենյակից դուրս գալով ծանոթանալ խնդիրներին:
«Գյումրեցիների 90 տոկոսն ասում են՝ նստած տեղում չեք կարա հարց լուծեք, դրա համար մենք չենք նստում մեր տաք աշխատասենյակներում ու ուղղակի փաստաթղթերով իրականացնում քաղաքի կառավարումը: Որոշել եմ, որ՝ այո, պարտադիր քաղաքացիների հետ անմիջական շփում պիտի ունենանք», - ասաց նա:
Սարիկ Մինասյանը մտավախություն չունի, որ կմեղադրեն պաշտոնական դիրքն օգտագործելու ու դեռ քարոզարշավը չմեկնարկած նախընտրական խոստումներ տալու մեջ. - «Եթե ես գնայի Լոռվա մարզի Կուրթան գյուղում խոստումներ տայի, կլիներ պաշտոնական լիազորությունների չարաշահում»:
Մինչդեռ Գյումրու ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը մեղադրում է. կարծում է՝ իշխանական թեկնածուն վարչական լծակ է չարաշահում:
«Համոզված էինք, որ էդպես էլ լինելու է: Ինչո՞ւ, որովհետև էդ իշխող ուժի ձեռագիրն է՝ մոլորեցնել քաղաքացիներին ու փորձել առավելություն ունենալ մյուս քաղաքական ուժերի նկատմամբ: Ինչի՞, որովհետև ի սկզբանե մենք դեկտեմբերի վերջ կարող էինք ունենալ ընտրություններ, որի արդյունքում կձևավորվեր լեգիտիմ իշխանություն, կկազմակերպվեր արդար թափանցիկ ընտրություն և այս իշխանությունը մենք չէինք ունենա այսօր», - նշեց Մալխասյանը:
Քաղաքապետի պաշտոնակատարը ֆեյսբուքյան էջն է մատնացույց անում, որտեղ իր գրառումների տակ գյումրեցիները իրենց թաղերի խնդիրներն են նկարագրում:
Գյումրիի արտահերթ ՏԻՄ ընտրություններն ամենայն հավանականությամբ մարտի 30-ին կնշանակվեն:
«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն ասում է՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելիս իշխանությունը հիմնավորում էր, թե առանց ղեկավարի հնարավոր չէ արտահերթ ընտրություններ կազմակերպել: Հիմա, ասում է, այլ բան ենք տեսում:
«Մենք տեսնում ենք, որ օգտագործելով դիրքն՝ իրենք թաքնված քարոզարշավ ենք անում և մյուս քաղաքական ուժերի, թեկնածումների նկատմամբ արդեն ոչ թե այս պահից, այլ փրայմըրիզ կոչվածից, որովհետև ի սկզբանե հայտարարվել էր, որ նախնական ընտրություն էր և էլի քարոզարշավ էր, ըստ էության, անձերի քարոզարշավ, իրենք գտնվել են բարենպաստ վիճակում, այդ ձեռագիրը շարունակվում է մինչև օրս», - ասաց Կարեն Մալխասյանը:
Իշխող ուժն արդեն հայտարարել է, որ միայնակ է մասնակցելու ընտրարշավին: ՔՊ-ից բացի մասնակցելու մտադրության մասին հայտնել են «Հանուն Հանրապետության», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ապրելու երկիր», «Դեմոկրատական այլընտրանք», ԴՕԿ կուսակցությունները: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կգլխավորի Կոմկուսի ցուցակը: