Մատչելիության հղումներ

Արևմուտքը վճռական կգործի, եթե բանակցություններում կարգավիճակ ստանա. Բորիս Նավասարդյան


«Չեմ բացառում, որ տարբեր շահագրգիռ անձինք և կառույցներ, նույնիսկ երկրներ կարող են ինչ-որ շահագրգռվածություն ունենալ այստեղ, սակայն ամեն դեպքում այս շարժման հիմքում, կարծում եմ, ներքին հայկական խնդիրներն են», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 4-ից քայլերթով շարժվեց դեպի Երևան, մայրաքաղաքում մայիսի 9-ին հանրահավաք հրավիրվեց։ Հաջորդ օրվանից հանրապետության տարածքում անհնազանդության ակցիաներ են իրականացվում։

Բորիս Նավասարդյանի հետ հարցազրույցից մի հատված ստորև.

«Ազատություն» - Իշխանությունները Ռուսաստանը և Ռոբերտ Քոչարյանին են տեսնում երևանյան հանրահավաքների հետևում։ Դուք ունե՞ք նման տպավորություն, որ ուղղորդված է այս շարժումը։

Բորիս Նավասարդյան - Չեմ բացառում, որ տարբեր շահագրգիռ անձինք և կառույցներ, նույնիսկ երկրներ կարող են ինչ-որ շահագրգռվածություն ունենալ այստեղ, սակայն ամեն դեպքում այս շարժման հիմքում, կարծում եմ, ներքին հայկական խնդիրներն են՝ մենք ունենք հասարակությունում բազմաթիվ մտահոգ մարդիկ, որոնք փորձում են մարտահրավերների լուծումը գտնել, և ցանկացած նոր շարժում, նոր դեմք կամ քաղաքական ուժ որոշակի հետաքրքրություն է առաջացնում։

Թե որքանով տևական կլինի այդ հետաքրքրությունը, արդեն կախված կլինի նրանից, թե ինչպիսի կոնկրետ օրակարգեր կառաջարկեն այս բողոքների կազմակերպիչները, իսկ այն, որ Ռոբերտ Քոչարյանը և այլ քաղաքական գործիչներ, որոնք ինչ-որ հավակնություններ ունեն իշխանության գալու կամ ուժեղացնելու իրենց դիրքերը, փորձում են օգտվել այս իրավիճակից և իրենց խնդիրները լուծել, դա բնական է, դա քաղաքական կյանքի օրենք է։

«Ազատություն» - Դուք ասացիք՝ նայած օրակարգը ինչ կլինի։ Ձեզ այն հասկանալի՞ է, ազատվել Փաշինյանից, դա ասվում է հրապարակից, իսկ հետո՞, անգամ վարչապետի թեկնածու չունեն։

Բորիս Նավասարդյան - Փաշինյանից ազատվելը կարող է կոնկրետ քաղաքական ուժերի կամ գործիչների օրակարգը լինել, բայց այնպիսի օրակարգ, որը գրավիչ կլինի հասարակության մեծ մասի համար, այդպիսի օրակարգ առայժմ չի հնչեցվում, չի բացառվում, որ ունեն նման բան ռեզերվում, բայց դեռ չի հնչում։ Մենք համարյա ամեն օր խոստումներ ենք լսում, որ ինչ-որ բան կասվի մոտակա ժամանակ։ Մարդիկ սպասում են, բայց իհարկե, այդ սպասելու միտումն ունի իր սահմանները, և եթե հստակ գաղափար, հստակ լուծումներ այն հարցերի, որոնց վերաբերյալ իշխանությունները չունեն առաջարկներ, եթե նման բաներ չհնչեն մոտակա ժամանակ, կարծում եմ՝ միտումը կլինի դեպի նվազում։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG