Մատչելիության հղումներ

ԵՊՀ, Ժուռնալիստների միություն, Գարեգին Նժդեհի հրապարակ. ակցիաները շարունակվում են


ԵՊՀ-ի բակում
ԵՊՀ-ի բակում

Վաղ առավոտից վարչապետի հեռացման պահանջով անհնազանդության ակցիաները վերսկսվեցին. Երևանում ցուցարարները երթեր իրականացրին, մոտ մեկ տասնյակ կենտրոնական փողոցներ փակեցին։

Այսօր էլ ոստիկանությունն ուժ կիրառեց, վերջին տվյալներով՝ 63 հոգի է բերման ենթարկվել։ Բոլորն, ըստ Ներքին գործերի նախարարության, արդեն ազատ են արձակվել։ Երեկ ավելի շատ՝ 170 մարդ էր բաժիններ տարվել։

Անհնազանդության ակցիաների ընթացքում ոչ միայն ոստիկանների մասնակցությամ են միջադեպեր գրանցվում։ Կրքերը երբեմն թեժանում են նաև փողոց փակող քաղաքացիների ու դրա դեմ արտահայտվողների միջև։

Առավոտյան մեկնարկած ակցիաների ընթացքում Երևանում ցուցարարները շրջում էին տարբեր հատվածներով, ոստիկաններն էլ պարբերաբար հորդորում էին ազատել փողոցների երթևեկելի մասը։ Երբ խմբերից մեկը մոտեցավ Հանրապետության հրապարակին, ոստիկանները դարձյալ ուժ կիրառեցին, հրմշտոց ու քաշքշուկ էր։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հավաքվածները երթով շարժվեցին Երևանի պետական համալսարան։ Մայր բուհի ուսանողների մի մասն այս օրերին դասադուլ է հայտարարել ու ցույցերին է մասնակցում։ Լրատվամիջոցները գրել էին՝ բուհի պրոռեկտորը դեկաններին հանձնարարել է արձանագրել բոլոր բացակաները։ Պրոռեկտոր Էլինա Ասրիյանը երթի մասնակիցների առջև հերքեց այդ հրապարակումները։

«Երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, այստեղ կան, կարծում եմ, դեկաններ, որոնք կարող են դա հաստատել, հետևապես որևէ նման հայտարարություն չի կարող լինել», - ասաց Ասրիյանը։

Ի՞նչ են սպասում դասադուլին միացած ուսանողներն այս շարժումից, այս մասին խոսեցին «Ազատության» հետ զրույցում։

«Կոնկրետ այս պահին գլխավոր նպատակը, հա, վարչապետի հրաժարականն է։ Եթե վարչապետը մնա, այս ամեն ինչը չի վերջանալու», - ասաց ուսանողներից մեկը, մյուսը հավելեց. - «Շարժումից ունեմ դրական ակնկալիքներ։ Կարծում եմ, որ եթե լինի համախմբվածություն, կհասնենք հաջողության»։

Այնուհետև հավաքվածները Ժուռնալիստների միություն քայլեցին։

Ապա մետրոյով գնացին «Երրորդ մաս» ու վերադարձան։

Զուգահեռ մարզերում էլ են ակցիաներ եղել, փակվեց Արմավիր-Գյումրի ճանապարհը, Վանաձորում ավտոերթ իրականացրին, Գյումրիում շրջեցին բուհերով։

XS
SM
MD
LG