Մատչելիության հղումներ

«Իմփիչմենթը կյանքի կոչելու գործընթացը քննարկման փուլում է». Գեղամ Մանուկյան


Վարչապետ Փաշինյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 պատգամավորի ստորագրություն, սակայն ընդդիմադիր երկու խմբակցությունները այդքան ձայն չունեն։

Սահմանադրության 115 -րդ հոդվածի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։ Այսինքն՝ անհրաժեշտ է խորհրդարանի 107 պատգամավորներից առնվազն 36-ի ստորագրությունը։

Ընդդիմադիր «Հայաստան» (29) և «Պատիվ ունեմ» ( 6) խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր: Այսինքն` նախագիծը խորհրդարան ներկայացնելու համար անհրաժեշտ է ևս մեկ պատգամավորի ստորագրություն։ Այս պարագայում ընդդիմադիրները 2 ճանապարհ ունեն՝ կա՛մ համոզել «Պատիվ ունեմ» խմբակցությունից դեռևս 2021 -ին դուրս եկած Իշխան Զաքարյանին միանալ իրենց, կա՛մ իշխող ՔՊ - ից որևէ պատգամավորի ստորագրությունը ստանալ։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

Դեռևս պարզ չէ, ինչպես են այս հարցը ընդդիմադիրները և շարժումը լուծելու։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ «իմփիչմենթը կյանքի կոչելու գործընթացը քննարկման փուլում է»՝ հստակեցնելով, որ խոսքը և՛ 36 պատգամավորի ստորագրություն ապահովելու, և՛ նոր վարչապետի թեկնածուի մասին է։

Սահմանադրության համաձայն՝ 36 պատգամավորի ստորագրությամբ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծում պետք է նաև նոր վարչապետի թեկնածու առաջարկվի։

«Իրավական և տեխնիկական հարցերին հետագայում պարզաբանում կտրվի», - ասաց Գեղամ Մանուկյանը։

Ոստիկանությունն ու ՔԿ-ն Աղազարյանից հաղորդում չեն ստացել

Մինչ ընդդիմադիրները քննարկումները շարունակում են, իշխանականներն այսօր «Ազատության» հետ զրույցում բացառում էին, թե իրենցից որևէ մեկը կմիանա Փաշինյանի իմփիչմենթի գործընթացին։

Հովիկ Աղազարյան
Հովիկ Աղազարյան

Հովիկ Աղազարյանն, ի դեպ, նաև պնդեց, թե իրավապահներին հաղորդում է ներկայացրել, ըստ նրա՝ ընդդիմությունը մարդկանց մի մասին գումարով է բերում հրապարակ. - «[Փաստեր] ունեմ և այդ մասին ասել եմ համապատասխան մարմիններին երեկ»:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հիմարություն որակեց այդ մեղադրանքը. - «Դե Հովիկ Աղազարյանը քաղմասներից էն կողմ չի գալիս ու բազմաթիվ անմեղ մարդկանց դեմ անհիմնազուրկ մեղադրանքներ է ներկայացրել»:

Ոստիկանությունից և Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ Հովիկ Աղազարյանից հաղորդում չեն ստացել։

ՔՊ-ականները բացառում են, թե իրենցից որևէ մեկը կմիանա իմփիչմենթի գործընթացին

ՔՊ-ում ոչ միայն բացառում են, թե իշխանական 71 պատգամավորներից որևէ մեկը կմիանա Փաշինյանի իմփիչմենթի գործընթացն, այլ պնդում են՝ այդ շարժման ետևում կանգնածները փորձում են անօրինական քայլերով հեղաշրջում իրականացնել։

Թե ինչպես է կոնկրետ իրականացվելու այդ հեղաշրջումը, իշխանական պատգամավորը չհստակեցրեց։ Միայն պնդեց՝ Բագրատ սրբազանի ետևում նույն ուժերն են, ովքեր տարիներ առաջ Բաղրամյանում վրաններ էին խփել ու կրկին վարչապետի հրաժարականն էին պահանջում։

Արթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան

«Առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանն է կանգնած Բագրատ Գալստյանի ետևում՝ Կանադայի քաղաքացի, երկքաղաքացի, և Սերժ Սարգսյանն իր ամբողջ խմբակով՝ ծառայելով կայսրության նպատակներին», - նշեց իշխանական պատգամավորը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պնդում է՝ Հայաստանում հեղաշրջման մեկ ճանապարհ կա և դա ուժի և բռնության ճանապարհն է, և կասկածներ ունի, որ որոշ խմբեր կարող են գնալ այդ ճանապարհով։

«Օրինակ՝ «Բևեռը», որը հայտնի է իր ահաբեկչական գործելաոճով: Հետևաբար որոշ խմբեր, ովքեր հայտնի են իրենց բռնի գործողություններով, կարող է նորից գնան նույն ճանապարհով», - նշեց Հովհաննիսյանը:

Արթուր Հովհաննիսյանը, սակայն, չհստակեցրեց, եթե հրապարակում տեսել է մարդկանց, որոնք կազմակերպել են, իր բնորոշմամբ, Ազգային ժողովի նախագահի մահափորձը 20 թվականի նոյեմբերին, ապա ինչո՞ւ են այդ դեպքում այդ անձինք մինչ օրս ազատության մեջ՝ հազարավոր մարդկանց կողքին։ Այս հարցին որևէ բացատրություն չհնչեց։

XS
SM
MD
LG