Վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագիծը խորհրդարան ներկայացնելու համար անհրաժեշտ է առնվազն 36 ստորագրություն, իսկ ընդդիմադիր 2 խմբակցությունները՝ «Հայաստանը» և «Պատիվ ունեմը» միասին ունեն 35 պատգամավոր և հետևաբար մեկ ստորագրություն պակասում է: Այս պարագայում ընդդիմադիրները 2 ճանապարհ ունեն՝ կա՛մ համոզել «Պատիվ ունեմ» խմբակցությունից դեռևս 2021 -ին դուրս եկած Իշխան Զաքարյանին միանալ իրենց, կա՛մ իշխող ՔՊ -ից որևէ պատգամավորի ստորագրությունը ստանալ։ Ընդդիմությունից փոխանցեցին, որ այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում։
Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ըստ էության, փորձ է արվում ապօրինի ճանապարհով հեղաշրջում իրականացնել, ինչը նրանք թույլ չեն տալու: Արթուր Հովհաննիսյանը պնդեց, որ այս ամենի ետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, և նա փորձում է ծառայել, իր խոսքով, կայսրության, տվյալ դեպքում Ռուսաստանի շահերին:
Հովհաննիսյան. - Մենք ֆիքսում ենք, որ այս պրոցեսները սկսվել են Տավուշից սահմանազատման և սահմանագծման գործընթացից, ըստ էության, բայց, օրինակ, երեկվա հավաքին ես չեմ լսել սահմանազատում բառը և չեմ էլ լսել, թե ինչ են առաջարկում սահմանազատման փոխարեն կամ ինչ են առաջարկում, ինչ կերպ պետք է սահմանազատումը տեղի ունենա:
«Ազատություն». - Հենց հարթակից հայտարարվեց, որ դեմ չեն իրենք սահմանազատմանը, խաղաղությանը, սահմանագծմանը, բայց դա չպետք է լինի միակողմանի զիջման տարբերակով:
Հովհաննիսյան. - Էլի արձանագրենք, որ միակողմանի զիջում չկա, հետևաբար էդ թեզերը անհիմն են և մերկապարանոց: Պրոցես է գեներացվում Հայաստանում ոչ ժողովրդավար ճանապարհով հեղաշրջում իրականացնելու և եկեղեցին էլ ամբողջությամբ լցված է այս գործին: Եթե ժամանակին ստվերային էին աշխատում տարբեր միջավայրերում թեզեր տարածելով իշխանության մասին վարկաբեկող, հիմա արդեն մենք տեսնում ենք, որ իրենց դեմքով կաթողիկոսի ուղիղ աջակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Բագրատ Գալստանյանը դուրս է եկել և խոսում է ստերի մասին, չասելով, թե ինչն է սուտ առհասարակ: Հայաստանի Հանրապետության իշխանությունը իրականացնում սահմանազատում և սահմանագծում ապահովելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը: Ի՞նչ են առաջարկում նրանք, ես չգիտեմ:
«Ազատություն». - Դուք ասում եք, որ փորձում են հեղաշրջում անել անօրինական ճանապարհով, ինչպե՞ս, դա այդպե՞ս են անելու:
Հովհաննիսյան. - Ես չգիտեմ, ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս իշխանությունը ձևավորվում է ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, ցանկացած այլ ճանապարհ իշխանության ձևավորման ուղիղ համեմատական է սահմանադրական կարգի տապալման հետ, ինչը մենք թույլ չենք տալու: Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, հատուկ ծառայությունները ուշի ուշով հետևում են իրավիճակին և հասարակական կարգը պահպանվելու է:
«Ազատության» հետ զրույցած ՔՊ-ականները վստահեցնում էին, թե որևէ պարագայում չեն միանամ ընդդիմությանը, ավելին, նրանցից ոմանք ասում էին, որ ընդդիմությունը և Բագրատ սրբազանը որևէ մանրամասն չի ներկայացնում ժողովրդին, թե ինչ է նրանց ուզածը, եթե հրաժարական տա, ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, պետք է ազնիվ և անկեղծ լինեն հրապարակեն, պետք է նաև ասեն, թե արտաքին ինչ քաղաքական ուղղվածություն է ունենալու այդ վարչապետի թեկնածուն և այլն, ու նաև նշում էին, որ պետք է առնվազն 400-ից մինչև 600 հազար մարդ հավաքվի հրապարակում, որպեսզի նրանք կարողանան պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրաժարական տալ: