Մատչելիության հղումներ

Վաղը հանրահավաք չի լինելու. Բագրատ սրբազան (լրացված)


Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթի մասնակիցները անցնում են Երևանի փողոցներով, 10-ը մայիսի, 2024թ․
Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթի մասնակիցները անցնում են Երևանի փողոցներով, 10-ը մայիսի, 2024թ․

20:32

Վաղը հանրահավաք չի լինելու, Հանրապետության հրապարակում հայտարարեց սրբազանը:

«Տարբեր խմբեր խմբերի հետ՝ մասնագիտական, փորձագիտական խմբերի հետ վերածրագրելու ենք մեր առաջիկա ամբողջ անելիքները: Դրանց մասին դուք կիմանաք, - նշեց նա՝ հավելով, - կիրակի օրը երեկոյան ժամը 6-ին հավաքվում ենք, հանդիպում ենք ու կոնկրետ պայմանավորվում ենք, թե ինչ ենք իրականացնելու»:

19:31

Մոտ կես ժամ է՝ Հանրապետության հրապարակում մեկնարկել է Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքը:

18:22

Ոստիկանությունից և Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հանցագործության մասին հաղորդում չեն ստացել։

Աղազարյանն ասել էր, որ երեկ անձամբ իրավապահներին կոնկրետ փաստեր և տվյալներ է ներկայացրել, թե ովքեր են ընդդիմությունից, նրա պնդմամբ, մարդկանց գումարով բերում հրապարակ՝ ընդդիմության հանրահավաքներին։

17:08

«Իմփիչմենթը կյանքի կոչելու գործընթացը քննարկման փուլում է», - Ազատությանը փոխանցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկանը՝ նշելով, որ խոսքը 36 պատգամավորի ստորագրություն ապահովելու հարցին է վերաբերում և նոր վարչապետի թեկնածուին։

«Իրավական և տեխնիկան հարցերին հետագայում պարզաբանում կտրվի», - նշեց Մանուկյանը։

16:40

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ սառը զենք կրելու կասկածանքով, հայտնում է Քննչական կոմիտեն:

Վերջիններս, ըստ հաղորդագրության, Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

16։07

Կգտնի՞ ընդդիմությունը 1 ձայն. իշխող ՔՊ-ի պատգամավորներն են արձագանքում

14։50

Երթի առաջնորդ Բագրատ սրբազանն ընդմիջում հայտարարեց՝ նշելով, որ 18։30-ին հանրահավաքը կմեկնարկի։

14։45

Բագրատ սրբազանը հաստատեց՝ Հայաստանի ու Կանադայի քաղաքացի է։

«Երկքաղաքացի եմ՝ Հայաստանի և Կանադայի քաղաքացի եմ։ Ես չեմ ուզել երբեք, մարդիկ տվել են որպես Կանադայի թեմի առաջնորդ, ես էլ ընդունել եմ», - ասաց սրբազանը։

Սահմանադրությամբ նա չի կարողանա ՀՀ վարչապետ դառնալ:

14։44

«Պրոցես է գեներացվում ոչ ժողովրդավարական ճանապարհով հեղաշրջում իրականացնելու համար», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ շեշտելով՝ «եկեղեցին էլ ամբողջությամբ լծվել է այս գործին»։

14։16

Առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ, «Ազատության»-ը հայտնեց Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

ՆԳՆ տվյալներով՝ 8 մարդ ձերբակալվել է Երևանում անցկացված ակցիաների ժամանակ։ Նրանցից երկուսին բաժին են տարել սառը զենք՝ դանակներ, մեկին՝ չթույլատրված առարկա պահելու համար։ Երևանի ակցիաների 5 մասնակից էլ ձերբակալվել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն կատարել ոստիկանի օրինական պահանջը, մեկն էլ ոստիկանի նկատմամբ բռնություն է կիրառել։

13։36

Երթը հասավ Թատերական ինստիտուտ։

13։02

Համալսարանում դասերը շարունակվում են, այժմ մեծ դատամիջոցն է։ Թե քանի ուսանող է միացել երթին, հայտնի չէ։

ԵՊՀ-ի բակը ժամը մոտավորապես 13։00-ի դրությամբ, 10-ը մայիսի, 2024թ․
ԵՊՀ-ի բակը ժամը մոտավորապես 13։00-ի դրությամբ, 10-ը մայիսի, 2024թ․

12։57

Իշխող «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հերքում ու անհեթեթություն է որակում, թե ինքը միանում է շարժմանը:

Բագրատ սրբազանը երեկ հանրահավաքի ժամանակ նաև իր անունն էր տվել։ «ՔՊ-ից պատգամավորներ կա՞ն, լավ կլիներ, որ լինեին։ Օրինակ՝ ես Շիրակ Թորոսյանին անձնապես ճանաչում եմ, կարծում եմ այստեղ պետք է լինի՝ ինչ-որ տեղ, կամ՝ Ռուստամ Բաքոյանին էլ եմ ճանաչում, կարծում եմ, ինչ-որ տեղ կա, էլ ո՞վ կա, կան բավականին կան։ Հիմա ինձ իրավունք տալի՞ս եք իրենց հետ խոսելու, խորհրդակցելու», - դիմելով հավաքվածներին՝ հարցրեց սրբազանը:

Բաքոյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նաև պնդեց, թե իրականությանը չի համապատասխանում, որ եզդիական համայնքն էլ է միացել շարժմանը՝ նշելով՝ անհատներ, գուցե:

Պատգամավոր Ռուստամ Բաքոյան, արխիվ
Պատգամավոր Ռուստամ Բաքոյան, արխիվ

12։26

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը նույնպես բացառեց, որ ՔՊ-ից որևէ մեկը միանա ընդդիմության այս գործընթացին։ «Բացառում եմ ես»,- ասաց իշխանական պատգամավորը։

Նրա խոսքով՝ վարչապետը գուցե գնա որոշակի քայլերի այն դեպքում, երբ հրապարակում 400 հազար կամ ավելի մարդ հավաքվի։

Գագիկ Մելքոնյան, արխիվ
Գագիկ Մելքոնյան, արխիվ

12։19

Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը բացառում է, որ որևէ ՔՊ-ական կմիանա ընդդիմությանը։ Նա նաև ասաց, որ երեկ անձամբ իրավապահներին կոնկրետ փաստեր և տվյալներ է ներկայացրել, թե ովքեր են ընդդիմությունից, նրա պնդմամբ, մարդկանց գումարով բերում հրապարակ՝ ընդդիմության հանրահավաքներին։ Նա ասաց, որ այդ մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ Թե կոնկրետ ում անուններն է նշել՝ Հովիկ Աղազարյանը չմանրամասնեց։

Հովիկ Աղազարյան, արխիվ
Հովիկ Աղազարյան, արխիվ

12։11

Կոնսերվատորիայից «Ազատության»-ը փոխանցեցին՝ ուսանողներն իրենց ցանկությամբ են միանում դասադուլին, այս պահին համընդհանուր դասադուլ չկա:

12։01

Երթը մոտենում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին։

11։14

Բագրատ սրբազանի առաջնորդած երթին միացել է նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։

11։05

Երթի մասնակիցները Սայաթ-Նովա փողոցից շարժվում են դեպի ԵՊՀ։

Առավոտից ԵՊՀ մի խումբ ուսանողներ համալսարանում ակցիա են իրականացնում, շրջում են ֆակուլտետներով՝ կոչ անելով միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։

ԵՊՀ, 10-ը մայիսի, 2024թ․
ԵՊՀ, 10-ը մայիսի, 2024թ․
ԵՊՀ, 10-ը մայիսի, 2024թ․
ԵՊՀ, 10-ը մայիսի, 2024թ․

Բագրատ սրբազանը երեկ բուհերին դասադուլի կոչ էր արել։

10։51

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը՝ 6 հոգի, անվստահության գործընթացին միանալու պատրաստակամություն է հայտնել։

Ըստ Աբրահամյանի՝ 35 պատգամավոր ձևաթղթի տակ ստորագրելու պատրաստակամություն է հայտնել։ Վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ խորհրդարան ներկայացնելու համար առնվազն 36 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ։ Այս պահին հայտնի չէ «Պատիվ ունեմ»-ի ցուցակով մանդատ ստացած, իսկ հիմա ոչ մի խմբակցությունում չընդգրկված Իշխան Զաքարյանը միանալու է գործընթացին, թե ոչ։

Համաձայն Սահմանադրության՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել:

Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

10։47

Այս պահից սկսած մեկնարկում են անհնազանդության ակցիաները, իսկ 18։30-ին կմեկնարկի հանրահավաքը, հայտարարեց սրբազանը։

9։30

Հանրապետության հրապարակում տեղադրված բերմահարթակի մոտ վաղ առավոտից հավաքված քաղաքացիներ կան։ Նրանք «Ազատության»-ը փոխանցեցին, որ Բագրատ սրբազանին են սպասում՝ հասկանալու համար հետագա քայլերը։

Սրբազանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ որոշակի ուղղություններ կան գործելու, քիչ հետո կհանդիպի մարդկանց հետ ու կձեռնարկեն, թե ինչ են անելու։

«Երեկ մեր քայլերը ներկայացնելու հերթականությունն այն չէր, ինչ եղավ, ուղղակի ժողովրդի ստիպմամբ եղավ։ Մենք ծրագրել էինք այդ դադարեցնելու գործընթացի մասին խոսել, որոշակի հանդիպում նշանակել, հետո տեսնել, թե ինչ է տեղի ունենալու, բայց ժողովրդի պահանջն այդպիսինն էր։ Ես պարզապես հնչեցրել եմ ձևակերպումն այն պահանջի, որը կուտակված էր», - ասաց Բագրատ սրբազանը։

Հարնարպետության հրապարակն առավոտյան ժամը 9-ի դրությամբ, 10-ը մայիսի, 2024թ․
Հարնարպետության հրապարակն առավոտյան ժամը 9-ի դրությամբ, 10-ը մայիսի, 2024թ․

Սահմանազատմանը դեմ տավուշցիները և նրանց միացած քաղաքացիները Բագրատ սրբազանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթ սկսեցին դեպի Երևան։ Մայիսի 9-ին նրանք արդեն Երևանում էին։ Նախօրոք հայտարարել էին, որ Երևանում մեծ ակցիաների շնորհիվ կփորձեն հասնել սահմանազատման գործընթացի դադարեցման, սակայն երեկ հրապարակում կարմիր թելով անցնում էր վարչապետի հրաժարականի պահանջը։ Բագրատ սրբազանը նույնիսկ ժամանակ տվեց վարչապետին՝ հայտարարելով, որ իրենց պահանջը չբավարարելու դեպքում այսօր առավոտյան ժամը 10-ից անհնազանդության ակցիաներ են սկսելու։

Սրբազանն այսօր ասաց, որ սա մինչև հիմա չի եղել քաղաքական գործընթաց, սակայն հիմա, իր կարծիքով, պետք է քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում արդեն այն ծրագրվի։

«Խորհրդարանական պատգամավորների հետ խոսեցինք, իրենք պատրաստ են այս գործընթացը շարունակելու, օրինական ճանապարհով ավարտին հասցնելու, և այդ ժամանակ պահանջվելու է վարչապետի թեկնածու, այդ ժամանակ էլ երևի կհնչի անուն», - ասաց սրբազանը։

Ոստիկանները կառավարության շենքի մոտ, 10-ը մայիսի, 2024թ․
Ոստիկանները կառավարության շենքի մոտ, 10-ը մայիսի, 2024թ․

«Ազատության» հարցին, թե անուններ քննարկվո՞ւմ են, Տավուշի թեմի առաջնորդը պատասխանեց․ - «Տարբեր անուններ քննարկվում են, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում»։

Բագրատ սրբազանը նշեց, որ որևէ անունի շուրջ դեռ համաձայնություն չկա․ - «Խորհրդարանական երկու խմբակցությունները կքննարկեն, խորհրդակցություններ կլինեն»։

«Ազատության» հարցին ի պատասխան նա նաև ասաց, որ վարչապետի պաշտոնում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը չի քննարկվում։

«Մարդիկ ստեղծեցին այս միֆը», - ասաց սրբազանը՝ նշելով, որ Քոչարյանի հետ չի հանդիպել․ - «Ես գնացել եմ ոտքերս վիրակապելու, իրենք ասում են, որ գնացել է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու։ Էս մարդիկ ստախոս են»։

Հարցին, թե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի անունը քննարկվո՞ւմ է, Տավուշի թեմի առաջնորդը պատասխանեց․ - «Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է։ Մարդիկ իմ անունն էլ են քննարկում»։

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

Իսկ եթե այնուամենայնիվ խորհրդարանում չհաջողվի իմպիչմենտի հասնել փողոցային պայքարո՞վ են փորձելու նպատակին հասնել հարցին էլ, սրբազանը պատասխանեց․ - «Քայլ առ քայլ, որոշակի իմաստով այս ամբողջ եղածը երեկվա պետք է տեղափոխվի քաղաքական լուծումների դաշտ, վերջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG