Մատչելիության հղումներ

Բաքվում, Արցախի նախկին ղեկավարների գործով նիստին, քննվել են 90-ականներին Շուշիի գրավմանը նախորդած դեպքերը


Բաքվի զինվորական դատարանում նորանոր ադրբեջանցիներ են հայտնվում՝ տուժողի, վկայի, զոհի իրավահաջորդի դերերում. Շուշիի միլիցիոներ Ալեքբերովը, Շուշիում ծնված ու Էջմիածնում ծառայած Զեյնալովը, բազմաթիվ այլ ադրբեջանցիներ, որ հայտարարում են, թե լավ ճանաչում են Բաքվի դատարանի առջև ծանր մեղադրանքներով կանգնած հայ գերիներին՝ Արցախի նախկին պաշտոնյաներից մինչև հարազատ գյուղից փախչել չհասցրած ու գերեվարված խաղաղ բնակիչներ:

Նախօրեի դատական նիստի մանրամասները ադրբեջանական «Ազերթաջ» լրատվականն է փոխանցում, նիստի վերաբերյալ այլ տեղեկատվություն չկա, որովհետև Բաքվի դատավորներից, մեղադրողներից, տուժողներից ու հայ գերիներից բացի, այդ նիստերին որևէ մեկը հետևել չի կարող, որևէ իրավապաշտպան կառույց կամ անկախ լրատվամիջոց:

Ըստ «Ազերթաջ»-ի՝ 90-ականներին Շուշիի գրավմանը նախորդած իրադարձություններն են քննվել դատարանում: Մեղադրողը փաստաթուղթ է ներկայացրել այն մասին, որ 92-ի հունվարի 28-ին հայերը Աղդամից Շուշի ուղևորվող ուղղաթիռ են կործանել: Իսկ մինչև այդ ինչեր են եղել, հռետորական հարց է հնչեցնում Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, որ այդ օրերի ականատեսն է:

«Հիշում եմ՝ երբ մեր զոհվածներին էին հուղարկավորում Ստեփանակերտում, քանի որ Քարինտակում հնարավոր չէր, 24-ժամյա կրակոցներ էին, լեռնաշղթայից կրակում էին գյուղի վրա: Էդ օրը, երբ կին կար զոհված, երեխա կար զոհված, հնեց դրա պատասխանն ա եղել, որ ամսի 28-ի հուղարկավորման ժամանակ, իրենց ուղղաթիռը մերոնք խփել են», - ըստ Արծվիկ Սարգսյանի՝ դա մեղմ պատասխանն էր այն ամենի, ինչ պարբերաբար տեղի էր ունենում նախորդող ամիսներին՝ Ստեփանակերտից Քարինտակ ուղևորվող կամազում կոլոխոզի աշխատողներն էին հարձակման ենթարկվում:

Հացի, ծխախոտի հերթ կանգնած մարդկանց վրա արկեր էին ընկնում, նշել է նա:

Բաքվի պետական լրատվամիջոցը գրում է նաև, թե ջարդեր են եղել Շուշիին հարակից Մալիբեյլի ու Ղուշչուլար գյուղերում:

«Էդտեղ բնակիչներ չեն եղել, ֆերմաներ են եղել, կարելի է ասել, չոբաններ են եղել, էդտեղ հնարավոր չի եղել, որ ինչ-որ կոտորած լիներ», - ասաց Սարգսյանը:

Ըստ դատարան եկած մի ադրբեջանցու՝ հայերը ադրբեջանաբնակ գյուղերի ջրատարներն ու էլեկտրագծերն էին պայթեցնում: Իսկ հայաբնակ գյուղերում ոչ էլ հոսանք կար, միայն թունավորված ջուր էր, հիշում է Սարգսյանը:

Էլխան Ալեքբերովը դատարանում պատմել է, թե հայերը Շուշին գրավել ու խաղաղ բնակիչների համար միջանցք չեն բացել, Ֆիրուզա անունով մի ադրբեջանուհի սրտի կաթվածից մահացել է: «Սուտ է, խաղաղ բնակիչները հեռացել են՝ տեղափոխելով նաև իրենց գույքը», - հակադարձում է Արծվիկ Սարգսյանը:

Դատարանում նաև Սահիբ Սարիև անունով շուշեցի մի ականատես է ելույթ ունեցել, որ պնդել է, թե Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին լավ է ճանաչում, իր վրա են հարձակվել քարերով, փայտերով, երկաթի կտորներով:

«Սարքած գործ», - Բաքվի լրատվամիջոցի տարածած այս ամբողջ պատմությունը այսպես է որակում Շուշիի նախկին քաղաքապետը:

Սարգսյանի կարծիքով՝ Բաքվի ուզածը հայ գերիներից՝ Արցախի նախկին նախագահներից մինչև մոլորված գյուղացիներ, ահաբեկիչներ կերտելն է:

Ավելի մանրամասն՝ ռեպորտաժում.




XS
SM
MD
LG