Հայ ռազմագերիների նկատմամբ Բաքվում շարունակվող դատավարության ընթացքում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք են տալիս «ականի պայթյունից տուժած» քաղաքացիներ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության ընթացքում, ըստ APA-ի, Հասանլի Ալիև ներկայացած անձը իր ցուցմունքում պնդել է, որ 2024 թվականի փետրվարի 4-ին վնասվածքներ է ստացել «հայերի տեղադրած ականի պայթյունից», ինչի հետևանքով «ձախ ոտքի վերջույթը ամպուտացրել են»։
Արցախում ընդամենը երեք ամիս պետնախարար աշխատած Վարդանյանին Ադրբեջանի իշխանությունները Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու ու վարելու, վարձկանության և տասնյակ այլ ծանր հանցագործություններ են վերագրում։ Հայաստանում կամ Արցախում որևէ ռազմական գործողության չմասնակցած, որևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին մինչև ցմահ ազատազրկում է սպառնում:
Ադրբեջանական բանտերում պահվող 23 հայերից 5-ը գերեվարվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Մյուս 18-ը, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, արդեն պատանդառվել են 2023-ին:
Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ 23-ից 7-ի նկատմամբ Բաքվի դատարաններն արդեն մեղադրական դատավճիռներ են կայացրել, որոնք ուժի մեջ են մտել: Մյուս 16-ի գործերով Բաքուն երկու առանձին դատական գործընթաց է նախաձեռնել՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացնելով մյուս 15-ի գործից: