Երևանը կրկին հերքում է հրադադարը խախտելու Բաքվի պնդումը։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանի հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Երևանը հիշեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի առաջարկը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շեշտելով, որ այդ առաջարկին Բաքուն մինչև օրս չի արձագանքել։
Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է՝ Հայաստանը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։
Վերջին շրջանում Բաքուն գրեթե ամեն օր նույնաբովանդակ հայտարարություններով Երևանին մեղադրում է հրադադարը խախտելու համար։ Հայկական կողմը հերքում է, միևնույն ժամանակ նշում, որ Բաքուն է անկանոն կրակոցներ արձակում, իսկ երբեմն թիրախային կրակում։
Անցած ամսվա վերջին ադրբեջանական կողմը կրակել էր Խնածախի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տուն։ Պաշտպանության նախարարությունը լուսանկար էր հրապարակել՝ ցույց տալով գետնին ընկած պարկուճն ու կրակոցից վնասված պատուհանը։
Արձագանքելով վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների մասին Սյունիքից եկող ահազանգերին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն, «Ազատության» հարցին ի պատասխան, այսօր հայտնել է, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, իսկ «հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»։
Տե՛ս նաև այստեղ