Մատչելիության հղումներ

Բադալյան. Ակնհայտ է, որ Սահմանադրության փոփոխության հարցը օրակարգում հայտնվել է Բաքվի պայմանով


«Առնվազն շատ տեսանելի է, որ սա Ադրբեջանի պայմանով բերված օրակարգ է», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխության վերաբերյալ որոշակիացող խոսակցություններին:

«Ես հակված եմ մտածել, որ, այդուհանդերձ, փորձ է արվում մանևրել և ժամանակ շահել՝ հասկանալու համար, թե ինչ տրամաբանությամբ կշարժվի այն մեծ գործընթացը: Բայց որ հարցը օրակարգում հայտնվել է հենց Ադրբեջանի պայմանով և դրան համահունչ լինելու տրամաբանությամբ՝ գուցե էսկալացիա թույլ չտալու համար, սա ակնհայտ է», - նշեց Բադալյանը:

«Ինչի՞ն է Ադրբեջանը սպասում. քանի ամիս է՝ խաղաղության պայմանագիրը դոփում է տեղում, չեն պատասխանում Հայաստանի առաջարկներին», - այս հարցին քաղաքական մեկնաբանն արձագանքեց. - «Ադրբեջանը, ըստ իս, տեսնում է, որ սակարկությունը նոր տրամաբանության մեջ է մտնում, փոխվում է պրոցեսների տրամաբանությանը բազմաշերտ իմաստով, և Ադրբեջանը ակնհայտորեն դադար է վերցրել այսպես կոչված խաղաղության գործընթացում: Ակնկալիքը Բաքվի համար միշտ եղել է նույնը՝ խաղադրույք կատարել ուժային գերակշռություն վրա և մշտապես պահպանել հնարավորության, պատեհության դեպքում ուժային գործոնը խաղարկելով Հայաստանի հանդեպ դիրքային նոր առավելություն ստանալու համար: Այստեղ դիապազոնը շատ մեծ է. Ադրբեջանը կարող է դիտարկել լոկալ սահմանային ինչ-որ հարց լուծելը մինչև իր համար այդ ճանապարհային հարցերը ուժային տարբերակով լուծելու որևէ պատեհություն օգտագործելը»:

«Ադրբեջանը այս հաշվարկներով, ըստ իս, ակնհայտորեն դադար է վերցրել պրոցեսում, և իրենք նոյեմբերից հայտարարեցին, որ հիմա զբաղված են COP29-ով, հետո նոր փուլ կլինի կա՛մ դեկտեմբերին, կա՛մ հունվարին, բայց մենք տեսնում ենք՝ այդ նոր փուլը չկա, Ադրբեջանը չի շտապում բացարձակապես, որովհետև տեսնում է, որ կա նոր սակարկություն, նոր տրամաբանություն միջազգային պրոցեսների: Այստեղ պարզապես սպասում է, այսպես ասած, առիթի, որովհետև իրենք, մեծ հաշվով, կորցնելու բան, եթե խոսենք հայ - ադրբեջանական տիրույթի մասին, այս պահին կարծես թե չունեն», - նշեց Բադալյանը:

«Հնարավոր ուժային սցենարի մասին: Իրանի դեսպանը օրերս Երևանում հայտարարեց, որ այդ հարցում Հայաստանին են աջակցում, և միակ երկիրն են տարածաշրջանում այդպես մտածող: Ի՞նչ է նշանակում այդ աջակցությունը՝ ուժայի՞ն միջամտություն», - այս հարցին էլ քաղաքական մեկնաբանը պատասխանեց.

«Աջակցությունը, իհարկե, կարևոր է, երբ հնչում են այդ հայտարարությունները: Իրանը, անշուշտ, գետնի վրա ունի թերևս ամենամեծ հնարավորությունները գործուն աջակցություն ցուցաբերելու համար՝ անմիջական սահմանակից են Հայաստանին: Բայց այս իմաստով մենք պետք է փորձենք հասկանալ՝ իսկ արդյոք դա իսկապես նշանակում է, որ եթե լինի ուժային որևէ սադրանք կամ ուժային որևէ լուծման փորձ, Իրանը այն կերպ է միջամտելու այդ ամենին, ինչ կերպ մենք ենք պատկերացնում՝ Հայաստանին պաշտպանելու և այլն, թե՞ Իրանը պարզապես միջամտելու է, շատ տրամաբանական է, դա բոլոր ուժային խաղացողների վարքագծի օրինաչափ, այսպես ասենք, պարամետր է, թե՞ միջամտելու են ընդամենը այնտեղ իրենց բաժինը ստանալու համաձայնությունների որևէ կոնֆիգուրացիայի պայմաններում:

Ես կարծում եմ՝ երկրորդ տարբերակը կլինի, որովհետև որևէ կերպ չեմ պատկերացնում, որ Իրանը կարող է ռազմական դիմակայության մեջ հայտնվել Ադրբեջանի դեմ»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG