Նոր Սահմանադրություն՝ վարչապետի հռչակած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությամբ. Նիկոլ Փաշինյանն օրերս ուղերձով ազդարարեց համաժողովրդական հանրաքվեի անհրաժեշտության մասին՝ առանց հստակ ժամկետի:
Գաղափարը նոր չէ, Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի շարունակվող պահանջների ֆոնին անցած տարի վարչապետը հանձնարարել էր մինչև 26 թվականի ավարտը նոր Սահմանադրության նախագիծ մշակել, բայց այդ նպատակով ստեղծված սահմանադրական բարեփոխումների խորհուրդը տևական ժամանակ է ակտիվ չէ:
«Ըստ էության, այս դանդաղ պրոցեսը պայմանավորված էր նրանով, որ նախորդ նախարարը կամ նախորդ երկու նախարարներն առանձնապես հետաքրքրվածություն չէի ցուցաբերում սահմանադրական բարեփոխումների պրոցեսի մասով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահմանադրական խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը:
Արդարադատության նոր նախարար Սրբուհի Գալյանի կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մինչ 2026 թվականի ընտրությունները և, ամենայն հավանականությամբ, հանրաքվեի կդրվի ընտրություններից հետո: Փաստացի մեկ տարում նոր Սահմանադրություն պետք է մշակվի, սակայն, անցած տարի ընդամենը երկու նիստ անցկացրած խորհրդի օրակարգը, աշխատակարգը դեռևս պարզ չէ:
Արադարադատության նախարարությունից «Ազատության»-ը հայտնեցին՝ հաջորդ նիստերի հետ կապված դեռևս վերջնական որոշում չկա, հարցն օրակարգային է ու կանդրադառնան դրան: Բայց Խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն աշխատակարգում փոփոխություններն է առաջնային համարում:
«Եթե կհիշեք, 2020-ին ստեղծվեց սահմանդրական բարեփոխումների մարմին, գործեց մինչև պատերազմը, նույնիսկ քովիդի ժամանակ 7 ամսում մենք ավելի շատ բովադակություն գեներացրեցինք, քանի այս 3 տարվա ընթացքում, հետևապես պրոցեսում պիտի ինչ-որ բան փոխվի, որպեսզի արդյունավետություն լինի», - ասաց Իոաննիսյանը։
Թե ինչ ուղղությամբ կլինեն բովանակային փոփոխությունները, դեռ պարզ չէ: Իոաննիսյանի փոխանցմամբ, 2020 թվականի բովանդակային փոփոխությունները 2022 թվականի խորհրդին չժառանգվեցին, օրինակ՝ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների փոխարեն Գերագույն դատարան ունենալը և այլն: Այդուհանդերձ, որոշ հարցերում խորհուրդը համաձայնության եկել է՝ կառավարման մոդելը կմնա խորհդարանական, Սահմանադրությունից միկրոկարգավորումները կհանվեն և Մայր օրենքը կկենտրոնանա ժողովրդավարություն ամրագրող հիմնական սկզբունքների վրա:
«Մյուսն այն է, որ կայուն մեծամասնության համակարգը հանվելու է, թեև մենք առաջարկում էինք, որ այն հանվի միչև 2026 թվականի ընտրությունները, իշխանությունը դրան չհամաձայնվեց, բայց Սահմանդրությունից մեծ ռեֆորմի ժամանակ հանվելու է», - նկատեց Իոաննիսյանը։
Սահմանդրական բարեփոխումների խորհրդի կազմն այսօր էլ հստակ չէ, օրինակ՝ անդամներից «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետի հայտարարությունից հետո արդեն դեմ է արտահայտվել գաղափարին:
«Մի իշխանություն, որը հրաժարվեց Սահմանադրությունից հեռացնել ՀՀԿ-ի «կայուն մեծամասնության» արատավոր համակարգը, այժմ առաջարկում է «գաղափարախոսական» սահմանադրական հանրաքվե։ Մերժում ենք առաջարկվող սահմանադրական հանրաքվեն», - հայտարարել է Մարուքյանը։
Ընդդիմադիրները վստահ են՝ նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությամբ Փաշինյանի կառավարությունը տուրք է տալիս Ալիևի պահանջներին, որ Սահմանադրության նախաբանից հանվի Անկախության հռչակագրի հղումը: Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ մինչև օրս խորհրդի օրակարգում նման հարց չի եղել:
«Սահմանդրությունը գրվում է այնպես, որ ՀՀ քաղաքացիները դրան ընտրատեղամասերում օրհնության արժանացնեն, ըստ այդմ, գրվում է այնպես, որ բավարարի ՀՀ քաղաքացիների պահանաջները, որ ՀՀ շահերից բխի: Սահամանադրությունից Անկախություն հռչակագրի նախաբան հանելը ՀՀ քաղաքացիների պահանջ չի, Իլհամ Ալիևի պահանջն է, Իհլամ Ալիևը, եթե ճիշտ եմ հիշում, ՀՀ քաղաքացի չի, քանի դեռ ՀՀ քաղաքացի չի, իր պահանջերը որևէ առումով սահմանադրական բարեփոխումների պրոցեսում քննարկման առարկա չեն», - ասաց Սահմանդրական խորհրդի անդամը։
Արդարադատության նախարարը, սակայն, հարցի օրակարգ գալը չէր բացառել, թեև Սահմանադրական դատարանը սահմանազատման կանոնակարգի հարցը քննելիս արձանագրել է՝ Մայր օրենքի նախաբանն անփոփոխելի է:
«Այդ հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չունենք, բայց կլինի, թե չի լինի այն արտահայտությունը, որ այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում որևէ բան չի փոխել», - ասաց Սրբուհի Գալյանը։
Այս թնջուկից խուսափելու համար Իոաննիսյանն առաջակում է Մայր օրենքում ամրագրել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունը հարևանների հետ խաղաղության հաստատումն է:
Միևնույն ժամանակ նա չի բացառում, որ սահմանադրական հանրաքվեն տապալվի, քանի որ պահանջները բավականին խիստ են՝ նախ Ազգային ժողովը պետք է հավանություն տա նոր Սահմանադրության նախագծին՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 2/3-ով, ինչից հետո նախագիծը պետք է դրվի հանրաքվեի։
Գործող Սահմանադրության 207 հոդվածի համաձայն, հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի մեկ քառորդը: