Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի իրավապաշտպան Մամեդլիի ձերբակալությունը մտահոգել է Վաշինգտոնին


Ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլի, արխիվ
Ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլի, արխիվ

Վաշինգտոնը խորը մտահոգություն է հայտնում ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալության կապակցությամբ։

«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մասնավորապես, Անար Մամեդլիի ձերբակալություններով», - «Թուրան» գործակալության հարցմանն ի պատասխան հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Ալիևի վարչակազմից պահանջելով անհապաղ ազատ արձակել «անարդարացի կերպով ձերբակալվածներին»։

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանի ձերբակալությունը տեղի է ունեցել երեկ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցից մեկ օր անց։

Ամերիկյան կողմի հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում պետքարտուղարը Ալիևին կոչ էր արել՝ հետևել միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում, և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացի կերպով ձերբակալվածներին:

Ադրբեջանական աղբյուրների համաձայն, Մամեդլին ձերբակալվել Abzas Media-ի գործով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նրա ձերբակալությունը դատապարտել են մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Human rights watch-ը։

Անար Մամեդլին նախկին քաղբանտարկյալ է, 2013 թվականին նա ազատազրկման էր դատապարտվել տնտեսական հանցագործողությունների մեղադրանքով։ Ազատ արձակվելուց հետո Մամեդլին գլխավորել է ընտրական գործընթացների մոնիտորինգով զբաղվող կազմակերպություն, որն անցած փետրվարին կոշտ քննադատել էր նախագահական արտահերթ ընտրությունների ընթացքն ու արդյունքները։

XS
SM
MD
LG