Վաշինգտոնը խորապես մտահոգված է Toplum TV անկախ լրատվամիջոցի, ինչպես նաև անկախ լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների դեմ Բաքվում իրականացվող արշավի մասին հաղորդումներով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
ԱՄՆ-ը հորդորել է Ադրբեջանին՝ դադարեցնել իրենց հիմնարար ազատություններն իրականացնողների նկատմամբ հետապնդումները և կոչ արել ազատ արձակել այն անձանց, ովքեր քաղաքական դրդապատճառներով պահվում են անազատության մեջ։
«Ոչ ոք չպետք է ենթարկվի բանտարկության կամ պատասխանատվության՝ խոսքի ազատության իրացման համար», - ասել է Միլլերը։
Երեկ Ադրբեջանի ոստիկանությունը ներխուժել է Toplum TV հեռուստաընկերության տարածք, խուզարկություններ է անցկացրել և ձերբակալել լրագրողներ Էլմիր Աբասովին և Արազ Ալիևին: Toplum TV-ն առցանց հեռուստատեսություն է, որը հայտնի է իր անկախ դիրքորոշմամբ:
Իրավապահները պնդում են, թե տեղեկություն են ստացել այն մասին, որ Toplum TV հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է արևմտյան կազմակերպությունների կողմից:
Ադրբեջանի կառավարությունը շարունակում է այլախոհներին և անկախ լրագրողներին ահաբեկելու և լռեցնելու քաղաքականությունը։ Իշխանություններին քննադատողների դեմ բռնաճնշումները սաստկացան, մասնավորապես, նախագահական ընտրություններին ընդառաջ․ Ադրբեջանում ձերբակալվելցին Abzas Media-ի աշխատակիցներն, այդ թվում՝ կայքի ղեկավար Ուլվի Հասանլին։ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և իշխող ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն գործարքներ բացահայտած լրագրողական թիմին ադրբեջանական իրավապահները մեղադրում են արտարժույթի մաքսանենգության մեջ, նրանց սպառնում է 7-12 տարվա ազատազրկում։