Միացյալ Նահանգները մտահոգիչ է համարում Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմադիրների կալանավորման վերջին միտումը։
Վերջին մեկ ամսվա ընթացքում մեկ տասնյակից ավելի նման գործիչներ են ձերբակալվել՝ նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ դա անընդունելի որակելով։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ խոսքի ազատությունը, ինչպես նաև շուտափույթ ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին», - ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միլլերը։
Ադրբեջանում նախագահական ընտրություններին ընդառաջ, իշխանություններին քննադատողների դեմ շարունակվող բռնաճնշումների ֆոնին, հանգստյան օրերին ձերբակալվել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, նախկին քաղբանտարկյալ Թոֆիգ Յագուբլուն։
Վերջին ամսիներին ձերբակալվել, ապա 3-4 ամսով կալանավորվել են Abzas Media-ի հինգ աշխատակիցներ, այդ թվում՝ կայքի ղեկավար Ուլվի Հասանլին։ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և իշխող ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն գործարքներ բացահայտած լրագրողական թիմին ադրբեջանական իրավապահները մեղադրում են արտարժույթի մաքսանենգության մեջ, նրանց սպառնում է 7-12 տարվա ազատազրկում։
Իսկ Յաղուբլուն առաջին անգամ չէ հայտնվում ճաղերի հետևում։ 2020-ին Բաքվի դատարանը նրան ավելի քան չորս տարվա ազատազրկման էր դատապարտել` խուլիգանության մեղադրանքով: Իլհամ Ալիևի կոշտ քննադատը, սակայն, մեղադրանքը չէր ընդունում, պնդելով, որ իր դեմ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում: 2013 թվականին էլ նա 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար, ազատ արձակումից կարճ ժամանակ անց` 2019-ին կրկին կալանավորվել էր, այս անգամ` մեկ ամսով, ոստիկանությանը չենթարկվելու համար: