Մատչելիության հղումներ

«Ապշած եմ Բաքվում ձերբակալված լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդումներից»․ ԵՄ դեսպան


«Ապշած եմ վերջերս Ադրբեջանում ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդումներից», - X-ի իր էջում գրել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Պիտր Միխալկոն։

Դեսպանը, մասնավորապես, ընդգծել է երիտասարդ կանանց նկատմամբ վերաբերմունքը՝ շեշտելով՝ դատարանի դահլիճում նրանց ձեռնաշղթաներ հագցնելը, ապակե վանդակներում պահելը, կամ մարդկային տարրական կարիքների մերժումը։

«Յուրաքանչյուր ոք ունի արժանապատվության և հարգալից վերաբերմունքի իրավունք», - գրել է դեսպանը:

Նախագահական արտահերթ ընտրությունների ֆոնին Ադրբեջանում թափ են հավաքում անկախ լրատվամիջոցի նկատմամբ բռնաճնշումները, սաստկանում են իշխանություններին քննադատողների դեմ ճնշումները։

Վերջին ամսիներին ձերբակալվել, ապա 3-4 ամսով կալանավորվել են ադրբեջանցի ավելի քան տասը լրագրողներ, այդ թվում Abzas Media կայքի ղեկավար Ուլվի Հասանլին՝ կոռուպցիոն մեղադրանքներով։ Վերջերս ձերբակալվել են ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, նախկին քաղբանտարկյալ Թոֆիգ Յագուբլուն, ադրբեջանցի հայտնի լրագրող Շահին Ռզաևը։

Ադրբեջանի ընդդիմությունն Արևմուտքից պահանջել է պատժամիջոցներ սահմանել երկրում բռնաճնշումների հերթական ալիք նախաձեռնած Ալիևի վարչակազմի դեմ՝ նշելով, որ իշխանություններն այս կերպ փորձում են ապահովագրել իրենց ներքին վտանգներից։

XS
SM
MD
LG