Մատչելիության հղումներ

Բաքուն ևս մեկ հետաքննող լրագրողի է ձերբակալել


Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) դատապարտել է ադրբեջանցի հետաքննող լրագրող, Turan անկախ լրատվական գործակալության տնտեսական խմբագիր Հաֆիզ Բաբալիի ձերբակալությունը և կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրան և մյուս ձերբակալված լրագրողներին։

«Ձերբակալելով հարգված հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալիին՝ Ադրբեջանի իշխանությունները միայն հաստատում են, որ Abzas Media-ին թիրախավորելու իրական նպատակը կոռուպցիայի վերաբերյալ պաշտոնական մեղադրանքների մասին անզիջում հաղորդագրությունները լռեցնելն է», - ասել է CPJ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սաիդը՝ շեշտելով՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Բաբալիին և բոլոր մյուս անարդարացիորեն բանտարկված լրագրողներին ու դադարեցնեն անկախ մամուլի դեմ շարունակվող հաշվեհարդարը։

Turan գործակալության փոխանցմամբ, Բաբալին ձերբակալվել է երեկ Բաքվի երկաթուղային կայարաններից մեկում։ Ոստիկանները նրան նախ տեղափոխել են իր իսկ բնակարան, խուզարկել բնակարանը, առգրավել համակարգիչը, բջջային հեռախոսը և որոշ փաստաթղթեր, ապա տեղափոխել ոստիկանական բաժանմունք։

Բաքուն պնդում է, որ Բաբալիի ձերբակալությունը կապված է Abzas Media-ի գործի հետ: Սակայն կոնկրետ մեղադրանքների մասին հայտարարություն չի եղել։

Նոյեմբերի վերջից ձերբակալվել, ապա 3-4 ամսով կալանավորվել են Abzas Media-ի չորս աշխատակիցներ, այդ թվում՝ կայքի ղեկավար Ուլվի Հասանլին։ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և իշխող ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն գործարքներ բացահայտած լրագրողական թիմին ադրբեջանական իրավապահները մեղադրում են արտարժույթի մաքսանենգության մեջ, նրանց սպառնում է 7-12 տարվա ազատազրկում։

XS
SM
MD
LG