ԱՄՆ մոտ ինը տասնյակ կոնգրեսականներ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակում դեմոկրատ ու հանրապետական 87 օրենսդիրները կարծիք են հայտնել, որ արցախցիների վերադարձը համապատասխանում է միջազգային իրավունքին և տարածաշրջանում արդար ու երկարատև խաղաղության հասնելուն:
«Մինչ դուք աշխատում եք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ, մենք կոչ ենք անում ձեզ ներգրավել այս չլուծված հակամարտության բոլոր կողմերին՝ ապահովելու համար բռնի տեղահանված հայերի կոլեկտիվ, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը իրենց բնիկ հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ: Այս քայլն ուղղակիորեն համապատասխանում է միջազգային իրավունքին և տարածաշրջանում արդար ու երկարատև խաղաղության հասնելուն», - գրել են կոնգրեսականները:
Չնայած Երևանի ու Բաքվի հակասություններին, օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սենատորների հետ հանդիպմանը առանց որևէ հստակության հայտարարել էր, թե Վաշինգտոնը հրաշք է գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է։
Ամերիկյան ներկայիս վարչակազմն արցախցիների վերադարձի հարցին հրապարակային չի անդրադարձել, մարտին Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականը խոսել էր միայն խաղաղության հաստատումից ու հայ ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտությունից:
ԱՄՆ կոնգրեսականներն իրենց նամակում շեշտել են արցախցիների վերադարձի հարցով միջազգային բանակցային հարթակ ստեղծելու կարևորությունը.
«Մենք խրախուսում ենք վարչակազմին ակտիվորեն ներգրավվել միջազգային գործընկերների և բազմակողմ հաստատությունների հետ՝ նպաստելու հայերի վերադարձին Լեռնային Ղարաբաղ: Սա ներառում է դիվանագիտական աջակցություն շվեյցարական խորհրդարանի կողմից վերջերս ընդունված միջոցառմանը՝ հայտնի որպես «Շվեյցարական խաղաղության նախաձեռնություն Արցախի համար», որը կհաստատի միջազգային բանակցային հարթակ՝ միջնորդելու հայերի անվտանգ, ապահով և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը Արցախ»:
Արցախցիները ևս բարձրաձայնում են իրենց վերադարձի անհրաժեշտության մասին։
«Ակտիվորեն ներգրավված են եղել և՛ Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, և՛ բավականին ակտիվ աշխատանք է տարել նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը, որ ձևավորվել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերին՝ Արցախի Ազգային ժողովի կողմից: Եվ պատահական չէ, որ այս նամակի ստորագրումը և շրջանառումը հենց իրականացվել է վերջերս ամերիկյան Կոնգրեսում շվեյցարական պատվիրակության այցից հետո, որը ևս այս նախաձեռնությունների, կատարած աշխատանքի հետևանքն է», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Ստեփանյանը կարևոր է համարում կոնգրեսականների նախաձեռնությունը, շեշտելով՝ դա կարող է նպաստել Արցախի հարցով միջազգային բանակցային հարթակի ձևավորմանը։
«Առանց միջազգային ներկայության, անվտանգային հստակ երաշխիքների վերադարձը իրատեսական չէ, բայց մինչև որ չստեղծվի այդ հարթակը, որը հնարավորություն կտա նաև քննարկելու, օրինակ, նույն միջազգային ներկայության հնարավորությունները, միջազգային անվտանգային երաշխիքների ձևավորման հնարավորությունները, շատ դետալների մասին խոսել չենք կարող: Ըստ այդմ, մեր ամբողջ հիմնական ռեսուրսը և ջանքը այս պահին ներդրվում է, որպեսզի ձևավորվի այդպիսի հարթակ, որպեսզի Ղարաբաղյան հարցը, Արցախի հարցը չհամարվի լուծված, համարվի, որ Արցախի ժողովուրդը, ինչպես, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանի որոշումն է փաստում, ունի վերադառնալու իրավունք», - ընդգծեց Ստեփանյանը:
Մինչ այդ, սակայն, Երևանը Բաքվի հետ բանակցություններում այս հարցը չի քննարկում, Հայաստանի վարչապետը կարծում է, որ հայերի վերադարձը իրենց պատմական հայրենիք անիրատեսական է:
«Գիտե՞ք, ամենակարճ ճանապարհն է՝ ասել անիրատեսական և ազատվել, այսպես ասած, էդ գլխացավանքից: Իրական առաջնորդությունը դրա մասին չէ, իրական առաջնորդությունը պետք է ասեր, որ կա խնդիր, կա 150 հազար բռնի տեղահանված մարդիկ, ովքեր իրավունք ունեն՝ և՛ բարոյական, և՛ միջազգային փաստաթղթերով ամրագրված, և՛ իրենց ճանապարհով, վերադառնալ և ապրել սեփական հայրենիքում: Եվ Հայաստանի Հանրապետությունը նաև որպես այդ անձանց 30 տարվա անվտանգության և այլ իրավունքների երաշխավոր պարտավոր է իր ներգրավվածությունը ունենալ միջազգային հարթակներում նման մեխանիզմների ձևավորման կամ այդ հարցը անընդհատ արծարծելուն», - ասաց Արցախի օմբուդսմենը:
Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձը պահանջող Բաքուն, իր հերթին, կոշտ է արձագանքում Արցախին վերաբերող նախաձեռնություններին: Օրերս, օրինակ Միլի Մեջլիսը դատապարտել էր Բելգիայի խորհրդարանի բանաձևը, որում հիշատակում կար Արցախում կատարված ռազմական հանցագործությունների մասին։
Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեյվիդ Վալադաոն։ Սպիտակ տնից դեռ չեն արձագանքել կոնգրեսականների կոչին։
Մինչ այդ, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է 87 կոնգրեսականների երկկուսակցական կոչը։
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, անդրադառնալով կոնգրեսականների նամակին, հայտարարել է․ - «Այս երկկուսակցական նամակը հստակ ուղերձ է վարչակազմին. տևական խաղաղության հասնելու ցանկացած ուղի պետք է սկսվի Արցախ վերադարձի իրավունքի ճանաչմամբ, այլ ոչ թե Ադրբեջանի կողմից բնիկ քրիստոնյա բնակչության էթնիկ զտման լեգիտիմացմամբ։ Մենք երախտապարտ ենք Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանը և բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր կանգնեցին վերադարձի ու արդարության սկզբունքի կողքին՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների շրջանակում»։
Կառույցից հայտնում են, որ ամերիկացի օրենսդիրների կոչը ըստ էության ներկայացնում է ԱՄՆ-ի 24 նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։