Մատչելիության հղումներ

Արցախցիներն Արտաքին գործերի նախարարություն ներկայացրին իրենց պահանջագիրը


Արցախցիները կառավարության ու Գլխավոր դատախազության մոտ ակցիա են իրականացնում: Նրանք Արտաքին գործերի նախարարության մոտ այրեցին «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագիրը, որով խոստանում էին դեօկուպացնել Շուշին ու Հադրութը:

Հավաքվածներն Արտաքին գործերի նախարարություն ներկայացրին իրենց պահանջագիրը: Պահանջագրի կետերից են գերիների վերադարձի ուղղությամբ քայլերն ու Արցախ վերադառնալու հարցը: Պահանջում են, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային գործընթաց և ապահովեն արժանապատիվ պայմաններով արցախցիների վերադարձը հայրենիք:

Բողոքի ակցիան շարունակեցին Գլխավոր դատախազության մոտ: Պահանջում են, որ իրավապահները ընթացք տան արցախցիների նկատմամբ ատելության քարոզին և պատժեն ատելություն տարածող ու հրահրող մարդկանց: Հանցագործության մասին հաղորդումներ մինչ այս էլ են ներկայացրել, բայց, հայտարարեցին, որ Գլխավոր դատախազությունը անգործության է մատնվել ու ոչ մի դեպքի ընթացք չի տվել:

«Ատելության քարոզը մի օր կհասցնի եղբայրասպանության: Սա խայտառակ վիճակ է, և ամեն ինչ պետք է անել, որ բանը չհասնի դրան»,-ասաց Տաթևիկ Խաչատրյանը:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG