Արցախցիները միջազգային երաշխիքներով պետք է վերադառնան իրենց հայրենիք, իսկ Արցախին միջանկյալ կարգավիճակ պետք է շնորհվի, այսօր Դաշնակցության Ընդհանուր ժողովին ընդառաջ հայտարարեց կուսակցության ղեկավար մարմնի՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Նա ընդգծեց, որ այժմ Դաշնակցության կառույցները լոբբիստական աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ:
«Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Միջին Արևելքում: Հիմա մանրամասնությունների մեջ մտնելն անիմաստ է, որովհետև սկզբնական շրջանի մեջ ենք տակավին, բայց ամենաբարձր մակարդակով են տեղի ունենում այդ խորհրդակցությունները, օրինակ՝ Ֆրանսիայի պարագայում՝ ուղղակի նախագահական պալատի հետ, Ամերիկայի պարագայում՝ նոր վարչակարգի հետ», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Տեր-Խաչատուրյանը:
Որքանո՞վ է իրատեսական այս գործընթացը, երբ Հայաստանի իշխանությունը արցախցիների վերադարձն անիրատեսական է համարում, հայաթափված Լեռնային Ղարաբաղն էլ Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ է:
«Հայաստանի իշխանությունը չի բարձրացնում այդ հարցը», - «Ազատության» այս դիտարկմանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն արձագանքեց. - «Չէ, չի բարձրացնում այդ հարցը, և դա խոչընդոտում է: Անշուշտ, որ դժվարացնում է: Մենք միշտ առաջարկել ենք այդ, բայց դժբախտաբար՝ երբեմն խուլ և համր են ձևացնում այդ ուղղությամբ»:
Նախընտրական շրջանում թեկնածու Դոնալդ Թրամփն անդրադարձել էր արցախահայերի էթնիկ զտմանը՝ օգտագործելով Արցախ բառը: Նա քննադատել էր իր մրցակցին՝ Քամալա Հարիսին, ասելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»: Թրամփը միաժամանակ խոստացել էր «պաշտպանել հալածված քրիստոնյաներին, դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
«Նաև գերիների հարցով իրեն հատուկ խնդրանք ենք ներկայացրել, որ ճնշում բանեցվի Ադրբեջանի վրա, որպեսզի ազատ արձակի ռազմաքաղաքական գերիներին». - ՀՅ Դաշնակցությունը հենց նախընտրական շրջանում Թրամփին դիմել է նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցով:
Բյուրոյի ներկայացուցչի համոզմամբ՝ նախընտրական շրջանում Թրամփն ավելի շատ խոստումներ տվեց, քան նրա դեմոկրատ մրցակիցը. - «Թրամփը մի քիչ ավելի էր խոստացել՝ ի զարմանս մեզ, որովհետև հայկական հարցերով այդքան էլ մտահոգված չէր իր առաջին շրջանում, բայց այս անգամ բավական լրջորեն հայկական այսպես կոչված դոսյեն ուսումնասիրել էր՝ իր շրջապատի հետ մեր տարած աշխատանքից հետո»:
Հարցին էլ՝ ընտրություններից հետո որոշ ազդակներ ստացե՞լ են Թրամփի վարչակազմից, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը դրական պատասխանեց. - «Այո, ստացել ենք և ուրախ ենք Ձեզ ասել, որ երեք անձինք կան, որոնք ամենաբարձր պաշտոններում են՝ Մարկո Ռուբիո, Թալսի Գաբբարդ, ինչպես նաև Ռոբերտ Քենեդի, որոնք ոչ միայն ծանոթ են հայությանը, այլև մի մասն այցելել է Արցախ»:
«Այդ իմաստով կան նախանշաններ, բայց շատ վաղ է, որ հարյուր օրվա մեջ նախագահը Հայաստանի առաջնահերթությունը բարձրացնի իր առաջին դասի մեջ, այդպես չէ: Բայց վստահ եղեք, որ շարունակվելու է աշխատանքը, և ամեն գնով այդ ճնշումները մենք բանեցնելու ենք», - ընդգծեց Տեր-Խաչատուրյանը:
Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը շեշտում է՝ համաշխարհային մակարդակով արցախցիների հավաքական վերադարձի հարցը բարձրացնելուն զուգահեռ պետք է ամեն ինչ անել, պայմաններ ստեղծել, որպեսզի արցախահայերը համախմբված ապրեն Հայաստանում և չարտագաղթեն:
ՀՅԴ Ընդհանուր ժողովում «իշխանափոխության հարցը նույնպես առաջնային է»
Այսօր մեկնարկած Դաշնակցության 35-րդ Ընդհանուր ժողովի քննարկման առանցքում երեք հարց է՝ Հայաստանի պաշտպանությունը, արցախցիների վերադարձն ու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը; Իշխանափոխության հարցը նույնպես առաջնային է, շեշտեց Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ասելով, թե «ապազգային իշխանության հետ Հայաստանի համար որևէ դրական հարց լուծել հնարավոր չէ»:
«Ազատության» հարցին՝ ինչքանո՞վ է հնարավոր համարում իշխանափոխությունը, Սաղաթելյանն արձագանքեց. - «Ես միշտ տեսնում եմ, հավատում եմ»:
Հարցին էլ՝ Դաշնակցությունն ավելի շատ պատկերացնում է դաշինքո՞վ ընտրություններին մասնակցել, թե՞ առանձին, նա պատասխանեց. - «Շատ, շատ վաղ է դրա մասին խոսելու, մենք ընդհանրապես այդ ուղղությամբ դեռ քննարկում չենք ունեցել; Մինչև 26 թիվը, ես կարծում եմ, բավականին բան է փոխվելու: Կգա՞ 26 թիվը, կլինի՞ ընտրություններ՝ այն ժամանակ կքննարկենք ստեղծված իրավիճակը, պայմանները, հնարավորությունները և համապատասխան որոշում կկայացնենք»:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության շարունակման հնարավորության վերաբերյալ էլ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց. - «Այդ հարցերը որոշում են կուսակցության բարձրագույն ժողովները, այլ ոչ թե Իշխան Սաղաթելյանը կամ որևէ մեկը: Նախորդ որոշումը կայացրել է ՀՅ Դաշնակցության Գերագույն ժողովը, և հաջորդ համագործակցության կամ ցանկացած այլ որոշում կկայացնի Դաշնակցության ժողովը: Դաշնակցությունը մեկ մարդու կազմակերպություն չի»:
Հայաստանի երկրորդ նախագահ վերջերս հրավիրած ասուլիսում հստակ հայտարարեց՝ քաղաքականությունից հեռանալ չի պատրաստվում, պնդեց՝ դեռ չեն քննարկել, թե ինչ ձևաչափով իր առաջնորդած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը կմասնակցի հերթական կամ արտահերթ ընտրություններին: Դաշինքի զգալի մասը դաշնակցականներ են: Ամեն դեպքում, ըստ Ռոբերտ Քոչարյանի, ընտրություններին պետք է մասնակցել առավելագույն հաջողություն ապահովող ամենապրագմատիկ ֆորմատով: