Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հատուկ նամակ է հղել Միացալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրա միջամտությունը խնդրելով Ադրբեջանում բանտարկված հայերի ազատագրման հարցում:
Կիլիկիո կաթողիկոսության հաղորդագրության համաձայն՝ Արամ Ա Վեհափառը ողջունում է «ոսկե դարաշրջան» բացելու և խաղաղության համար աշխատելու Թրամփի խոստումը, ապա ԱՄՆ նախագահին հիշեցնում «ընտրապայքարի ընթացքում նրա կատարած դատապարտումը՝ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու բռնագաղթի, ինչպես նաև արցախահայության վերադարձի իրավունքի շեշտումը»:
«Վեհափառ Հայրապետը նախագահի ուշադրությունն է հրավիրում համայն հայությանը ցավ ու ընդվզում պատճառող Արցախի քաղաքական ապօրինի բանտարկյալների վրա, որոնց շարքում՝ նախկին նախագահներ, վարչապետներ և պետական բարձրաստիճան պատասխանատուներ, Բաքվում դատավարությունը, որը տեղի է ունենում դռնփակ ու առանց միջազգային դիտորդների ներկայության և առանց դատական հստակ գործընթացի», - ասված է հաղորդագրությունում:
Արամ Ա կաթողիկոսը Թրամփին գրում է, որ «հայ ժողովուրդը մեծապես կգնահատի նրան, եթե անձնապես միջամտելով՝ կոչ ուղղի նախագահ Ալիևին՝ շուտափույթ կերպով և առանց պայմանի ազատ արձակելու բանտարկյալներին»։ «Նման քայլը կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև և ամբողջ տարածաշրջանում խաղաղության գործընթացին, Արցախի հայերի Արցախ վերադարձի ուղղությամբ դրական պայմանների ստեղծմանը, ինչպես նաև շոշափելի արտահայտությունը կլինի նախագահ Թրամփի խաղաղության առաքելության», - ընդգծում է Արամ Ա Վեհափառ Հայրապետը:
ԱՄՆ նախագահական ընտրարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը զանգահարել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, վերահաստատել իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին։
Հեռախոսազրույցից մոտ տասն օր առաջ էլ Թրամփը հայտարարել էր, որ երբ դառնա նախագահ, կվերականգնեն խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- մասնավորապես գրել էր նա միևնույն ժամանակ քննադատել իր մրցակից, գործող փոխնախագահ Քամալա Հարիսին՝ շեշտելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»:
Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը Բաքվում մեկնարկել է հունվարի 17-ին: Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները: Նրանց ծանր մեղադրանքներ են առաջադրվել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։