Պաշտոնապես ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը որպես Հայոց ցեղասպանության շարունակություն, կիրառել պատժամիջոցներ բոլոր այն ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր պատասխանատու են զանգվածային այդ վայրագությունների համար, Ադրբեջանին տրամադրվող ցանկացած ամերիկյան օգնություն պայմանավորել մարդու իրավունքների չափելի բարելավումներով, այդ թվում՝ այնտեղ գտնվող հայ պատանդների ազատ արձակմամբ, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի կոչն էր ԱՄՆ Կոնգրեսին:
Արցախցի նախկին պաշտոնյան Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում կազմակերպված լսումների ընթացքում հորդորեց նաև ուժեղացնել դիվանագիտական ճնշումը Ադրբեջանի վրա՝ ապահովելու արցախցիների վերադարձը հայրենիք՝ միջազգային ամուր պաշտպանության մեխանիզմներով:
«Երեք տարվա ընթացքում Ադրբեջանը հաջողությամբ իրականացրեց լիակատար ցեղասպանություն իմ ժողովրդի՝ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Եվ սա հանկարծակի ողբերգություն չէր։ Սա միտումնավոր և մեթոդական գործողություն էր՝ արդյունավետ մարդասիրական շրջափակմամբ և սովով, ռազմական հարձակումներով, քաղաքացիական բնակչության սպանություններով, մեր առաջնորդների և այլ հայրենակիցների անօրինական առևանգմամբ և բանտարկությամբ, մշակութային ժառանգության ոչնչացմամբ և բազմաթիվ այլ զանգվածային վայրագություններով», - հայտարարեց Բեգլարյանը:
Մոտ մեկուկես ժամ Միացյալ Նահանգների Կոնգրեսում երեկ քննարկում էին Ալիևի ռեժիմի կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները՝ Արցախի էթիիկ զտում, 23 հայերի գերեվարում, 300-ից ավելի քաղբանտարկյալներ, կոռուպցիա, լրագրողների հետապնդում, վերահսկվող լրատվական դաշտ:
Բանախոսների շարքում նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերն էր:
Նա կարծում է՝ Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի: Հեղինավոր իրավապաշտպանը կոչ արեց ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմին, Կոնգրեսին քայլեր ձեռնարկել՝ ցույց տալու, որ եթե Ալիևը գործողություններ չանի, կլինեն հետևանքներ։
Ալիևի շարունակական դաժանության վառ խորհրդանիշ նա համարեց Ռուբեն Վարդանյանի բանտարկությունը, որի «հանցագործությունը», Գենսերի խոսքով, Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանել է: Պատմեց՝ իր պաշտպանյալին անգամ Աստվածաշունչ կարդալու իրավունքից են զրկում ադրբեջանական բանտում:
«Խրախուսական է, որ Թրամփի վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները նախագահ Ալիևին ասել են, որ հայ քրիստոնյա բանտարկյալները պետք է ազատ արձակվեն խաղաղության համաձայնագրի շրջանակներում: Այնուամենայնիվ, բռնապետերը երբեք բանտարկյալներին չեն ազատում, եթե նրանց միայն խնդրում են: Նրանք դա անում են միայն այն ժամանակ, երբ ստիպված են լինում», - ընդգծեց Գենսերը:
Պատերազմ վարել, ահաբեկչություն, կանխամտածված սպանություն. այս ու չորս տասնյակից ավելի այլ մեղադրանքների պայմաններում, ըստ Արցախի նախկին պետնախարարի պաշտպանների, Ռուբեն Վարդանյանին Բաքվում սպառնում է ցմահ ազատազրկում: Սա այն դեպքում, երբ Արցախում Ռուբեն Վարդանյանը վերահսկում էր բոլոր ոլորտները՝ բացառությամբ ուժայինների:
Երեկ նրա դատաքննությունը շարունակվել է: Ադրբեջանական պետական «Ազերթաջ»-ը դատարանում Վարդանյանի դեմ տուժողների ցուցմունքներից է մեջբերումներ արել: Բայց թե մի դեպքում հայ ու ադրբեջանցի զինծառայողների՝ դատարանում նկարագրված բախումը, մյուս դեպքում՝ ականի պայթյունը, մեկ այլ դեպքում՝ զինվորների վիրավորումները ե՞րբ են տեղի ունեցել, ու դրանց հետ ի՞նչ կապ ունի ընդամենը երեքուկես ամիս պետնախարարի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Վարդանյանը, չի հստակեցվում: Նախորդ նիստում, օրինակ, նրա դեմ ցուցմունք տված մի երիտասարդի նկարագրած դեպքերը տեղի էին ունեցել Վարդանյանի պաշտոնավարման ավարտից հետո:
Նիստից ռեպորտաժ հրապարակող միակ լրատվամիջոցը պետության կողմից վերահսկվող «Ազերթաջ»-ն է: Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել թե՛ վկաների, թե՛ Ադրբեջանում գերության մեջ պահվող հայերին վերագրվող հայտարարությունները:
Բայց նախկին պաշտոնյաները ընտանիքի միջոցով երբեմն կարողանում բարձրաձայնել իրենց նկատմամբ անարդարություններն ու դաժանությունները, ինչպես նաև իրենց վերագրվող հայտարարությունների անճշտությունները: Վերջինը նախկին արտգործնախարարն էր: Ադրբեջանական գերության մեջ գտնվող Դավիթ Բաբայանը հերքեց «Ազերթաջ»-ի տարածած տեղեկությունը, թե ինքը հայերին է համարել Խոջալուի դեպքերի կազմակերպիչ:
«Ես ասել եմ, որ դրա պատասխանատուն հենց այս կողմն է՝ ադրբեջանական կողմը», - իր փոխանցած ձայնային հաղորդագրությունում հայտարարել էր Բաբայանը:
ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ հանձնաժողովի համանախագահ, լսումները վարող հանրապետական Քրիս Սմիթը խոստացավ անել հնարավորը հայ գերիների ազատ արձակման համար, խոսեց մարդու իրավունքների խախտումների ու պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի նկատմամբ քաղաքական և տնտեսական հետևանքներ նախատեսող օրինագիծը առաջ մղելու մտադրությունից:
«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրանք ազատ արձակվեն, որպեսզի այդ ամենը հասնի Սպիտակ տուն և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ով շատ հետամուտ է մարդու իրավունքների հարցերին… Այսպիսով, մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս ամենը հասնի նրան», - ասաց Սմիթը:
Երկար տարիներ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղված ամերիկացի օրենսդիրն, ի դեպ, Ադրբեջանի նախագահ Ալիևին բռնապետ է համարում: