«Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային» կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը հնարավոր մի քանի միտում է կանխատեսում, թե ինչպիսի քաղաքականություն կվարի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում: Քաղաքագետը չի բացառում, որ նոր վարչակազմի համար տարածաշրջանը կարող է ավելի քիչ կարևորվել։
«Կարծում եմ՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո հենց ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունն ինչ-որ չափով զսպող դերակատարություն ունեցավ, այժմ կա վտանգ, որ այդ ներգրավվածությունն ավելի ցածր է լինելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Վաշինգտոնի ներկայության նվազումը տարածաշրջանում, ըստ քաղաքագետի, կավելացնի սպառնալիքներն Ադրբեջանի կողմից՝ անգամ նոր ագրեսիայի հրահրման հնարավորություն տալով Բաքվին. - «Իհարկե, նախագահ Թրամփի կողմից օգտագործվող հռետորաբանությունը ևս կարող է բացասական ազդեցություն ունենալ: <> Երբ Թրամփը չի բացառում, որ կարող է նույնիսկ ուժ կիրառվել տարբեր խնդիրներ լուծելու համար, սա հստակ ազդակ է հղում Ալիևի պես դերակատարներին, որ խաղի միջազգային կանոնները կարող են փոխվել»:
Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանի համար ռիսկային կլինի, եթե Վաշինգտոնը ավելի կոշտ քաղաքականություն վարի Թեհրանի նկատմամբ։ Քաղաքագետն ասաց՝ դրանից ևս Բաքուն կարող է օգտվել։
Արդյոք նոր վարչակազմը կպահպանի իր նախորդի հանձնառությունը Երևանի նկատմամբ
Թրամփի երդմնակալությունից ուղիղ մեկ շաբաթ առաջ Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրեցին Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրությունը։ Այն Երևանի ու Վաշինգտոնի միջև նախատեսում է համագործակցության մի քանի ոլորտներ, ընդգծվում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը:
«Այս փուլում դժվար է խանխատեսումներ անել, բայց կա հավանականություն, որ նախորդ վարչակազմի էնտուզիազմը այս վարչակազմի պարագայում չի լինելու: Փաստաթղթի առումով լուրջ խնդիրներ չեն լինելու», - նկատեց Տիգրան Գրիգորյանը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանն «Ազատությանը» փոխանցեց, որ հանձնախումբը ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատանքում կենտրոնանալու է հայ ռազմագերիների վերադարձի, Բաքվի նկատմամբ պատժամիջոցների կիրառման գործընթացի վրա:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունն արդեն նոր ղեկավար ունի՝ Մարկո Ռուբիոն, որն, ի դեպ, հայտնի է մի շարք հայամետ նախաձեռնություններով։ Նա 2023-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից ու Արցախի հայաթափումից հետո, միացել էր «Հայաստանի պաշտպանության ակտին»։ Փաստաթուղթը կոչ էր անում դադարեցնել Միացյալ Նահանգների կողմից ռազմական օգնությունն Ադրբեջանին։
Թրամփը մեկ այլ՝ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում ընտրել է հայամետ կոնգրեսական Թուլսի Գաբբարդին, նա ժամանակին նույնիսկ Արցախ էր այցելել:
Եղիսաբեթ Չուլջյանն ասաց, որ նրանց հետ Հայ դատի հանձնախումբը նախկինում էլ աշխատել է:
Տիգրան Գրիգորյանը համոզված է, որ առանձին անհատները մեծ դերակատարություն չեն կարող ունենալ ԱՄՆ ընդհանուր քաղաքականության վրա. - «Թրամփի պես առաջնորդների պարագայում նմանատիպ գործոնները ինչ-որ ազդեցություն կարող են ունենալ, բայց ընդհանուր առմամբ ԱՄՆ քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում չի կանխորոշվելու նոր պաշտոնյաների անձնական տեսակետներով»:
Քաղաքագետը, սակայն, կարծում է, որ Երևանը պետք է օգտագործի այդ հնարավորությունն ու կապեր հաստատի վարչակազմի հետ՝ ներկայացնելու իր դիրքորոշումները տարբեր, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերի շուրջ։