Երևանը խաղաղություն չի խնդրում, «մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ բոլոր գոյություն ունեցող հարցերին», այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Պատասխանելով հարցին, թե որքա՞ն է Երևանը շարունակելու «խաղաղություն մուրալու ճանապարհով գնալ», մինչ Ադրբեջանի նախագահը սպառնում է, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ, Արմեն Գրիգորյանը նշեց, որ հայկական կողմն ապաշրջափակման հարցում առաջարկել է «Խաղաղության խաչմերուկը», իսկ խաղաղության պայմանագրի հարցում առաջարկել են լուծումներ և շարժվելու են այս ուղղությամբ:
Հարցին, թե կա՞ համաձայնություն խաղաղության պայմանագրի վիճահարույց կետերի շուրջ, ԱԽ քարտուղարն ասաց, որ Հայաստանը պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին և սպասում է Բաքվի առաջարկին:
«Հուսով ենք, որ լուծում կգտնենք», - ասաց նա:
Օրերս Ադրբեջանի արտգործնախարարն էլ հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի երկու չհամաձայնեցված հոդվածների շուրջ բանակցությունները շարունակվում են:
Ադրբեջանի նախագահ Ալիևն ավելի վաղ ասել էր՝ Երևանն ու Բաքուն դեռևս չեն համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերից ձեռնպահ մնալու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու մասին կետերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին հարցազրույցում ընդունելի էր համարել միջազգային իրավական հայցերի փոխադարձ հետկանչը։ Փաշինյանը նաև ասել էր, որ Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից:
Արմեն Գրիգորյանն այսօր նաև հույս հայտնեց, որ Բրյուսելը կորոշի երկարացնել Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը: Հունվարի 10-ին հայտնի էր դարձել, որ Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը:
Բաքուն ամիսներ շարունակ առաքելությանը մեղադրում է լրտեսության և տարածաշրջանի կայունությունը խախտելու մեջ։