Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում ուղղում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին` առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար։
«Տարածաշրջանում կայուն, երկարատև խաղաղություն և սերունդների համար արժանապատիվ գոյակցության պայմաններ կարելի է ապահովել միայն առկա հիմնախնդիրների արդար հանգուցալուծման և արցախահայության իրավունքների իրացման պարագայում», - ասված է հայտարարությանում։
Գերագույն հոգևոր խորհուրդը Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին հորդորել է դադարեցնել հացադուլը։
ԳՀԽ-ն արձանագրել է, որ «Ադրբեջանում անազատության մեջ ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների նկատմամբ արարքները հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական իշխանությունների շարունակվող թշնամանքի և ագրեսիայի հերթական դրսևորումներն են»։
«Ակնհայտ է, որ Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտումներով ընթացող դատավարությունը ուղեկցվում է գերիների խոշտանգումով և անմարդկային վերաբերմունքով։ Անտեսելով միջազգային հանրության հորդորներն ու պահանջները՝ ադրբեջանական իշխանությունը փորձ է անում ոչ միայն քողարկելու, այլև արդարացնելու իր իսկ սանձազերծած ցեղասպանության և պատերազմական հանցագործության անհերքելի փաստերը, ինչպես նաև զոհերին ներկայացնելու իբրև ոճրագործներ», - հայտարարությունում նշել է ԳՀԽ-ը՝ ընդգծելով, որ «շինծու դատավարություններով և հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքների միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ և ագրեսիա սանձազերծելու համար։
Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորել է Հայաստանի պետական մարմինների և համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը՝ հայ գերիների և պատանդների նկատմամբ բռնություններով ուղեկցվող ապօրինի գործողությունները դադարեցնելու և գերիների ազատ արձակմանը հասնելու համար։ ԳՀԽ-ն Հայաստանի իշխանություններին հորդորել է նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր՝ այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։
Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում: Այժմ դատարանի առաջ են կանգնած Արցախի վրա 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո գերեվարված 16 հայերը, նրանց թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ցեղասպանությունից մինչև ահաբեկչություն ու ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Ռուբեն Վարդանյանը իր նկատմամբ ապօրինությունները դադարեցնելու պահանջով փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել: Օրերս էլ ընտանիքի միջոցով փոխանցած աուդիոուղերձում Արցախում ընդամենը 3 ամիս պաշտոնավարած Վարդանյանը դարձյալ կեղծ էր որակել իր դատավարությունը: