Մատչելիության հղումներ

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը


«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը նաև Ռուբեն Վարդանյանի կնոջ և քրոջ հորդորով՝ կոչ անելով ակտիվ գործողությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի գրասենյակից պահանջելով Բաքվի իրենց գործընկերներին հորդորել ներկա գտնվել Վարդանյանի դատավարությանը:

Թանդիլյանի առաջին պահանջը միջազգային ներկայությունն է Ռուբեն Վարդանյանի դատավարությանը, երկրորդը՝ հանրային պահանջ ներկայացնել կառավարությանը՝ ակտիվ զբաղվել գերիների ազատ արձակման գործով:

Մանե Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ է սկսել Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ու Բաքվում պահվող մյուս հայ գերիների։ Թանդիլյանը հացադուլը սկսեց նաև Ռուբեն Վարդանյանին խնդրանքով՝ «դադարեցնել իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը»։

Փետրվարի 18-ից Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վարդանյանն աշխարհի ուշադրությունն է հրավիրում, ինչպես ընտանիքի միջոցով էր փոխանցել, իր նկատմամբ դատական ֆարսի վրա: Օրերս էլ ընտանիքի միջոցով փոխանցած աուդիոուղերձում Արցախում ընդամենը 3 ամիս պաշտոնավարած Վարդանյանը դարձյալ կեղծ էր որակել իր դատավարությունը:

Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում: Այժմ դատարանի առաջ են կանգնած Արցախի վրա 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո գերեվարված 16 հայերը, նրանց թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ցեղասպանությունից մինչև ահաբեկչություն ու ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG