Երևանն ու Վաշինգտոնը քննարկում են TRIPP ուղու կառուցման իրավունքի երկու սցենար՝ 99 և 49 տարի տևողությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ դիտարկվող ժամկետները ներդրումներ ներգրավելու համար են, բայց թե որ տարբերակն է նախընտրելի հայկական կողմի համար, Փաշինյանն այսօր իր ելույթի ընթացքում չբացահայտեց։
«Ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով։ Եթե մենք, օրինակ, ասենք, որ հինգ տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկը ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է հինգ տարում այդքան ներդրած գումարը ետ ստանալ», - նշեց Փաշինյանը։
Օգոստոսին Վաշինգտոնում հենց համաձայնությունների ձեռք բերման ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը Հայաստանի վարչապետի ներկայությամբ հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ միջանցքի զարգացման հայ-ամերիկյան բացառիկ գործընկերությունը առնվազն 99 տարով կլինի։ Ավելի ուշ, սակայն, և՛ Հայաստանի վարչապետը, և՛ արտգործնախարարը պնդեցին՝ 99 տարվա վերաբերյալ ֆիքսված պայմանավորվածություն չկա։
«Խաղաղության խաչմերուկ»՝ զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները խորագրով համաժողովի ընթացքում Փաշինյանն այսօր հայտարարեց, որ TRIPP նախագծի իրագործման առաջին գործողությունը կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է։ Դրանից հետո Միացյալ Նահանգների ու Հայաստանի կողմից համատեղ ընկերություն է ձևավորվելու։ Տնօրենների խորհուրդը կկառավարի այդ ընկերությունը, որում ներկայացված կլինեն Հայաստանը և Նահանգները, պնդեց՝ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Երևանը վճռական ձայնի իրավունք է ունենալու։
«Տնօրենների խորհրդում բաշխվածությունը կախված կլինի նաև մասնաբաժիններից, որի շուրջ նույնպես ներկայումս քննարկումներ են տեղի ունենում», - ընդգծեց Փաշինյանը:
TRIPP ուղով հաղորդակցության տարբեր ենթակառուցվածքներ են գործելու, այդ թվում՝ երկաթուղի էլեկտրագծեր, գազի, նավթի խողովակաշարեր, մալուխներ: Երկաթուղին, ինչպես օրեր առաջ հայտնել էր վարչապետը, անցնելու է Սյունիքով՝ Խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երթուղով:
«Ինքը պրոֆեսիոնալ չէ երկաթուղու էլեկտրաէներգետիկայի, նավթի, ինտերնետի և այլ ոլորտներում։ Եվ հավանականություն է առաջանալու անհրաժեշտություն գուցե դեպքերի մի մասում, գուցե բոլոր դեպքերում հրավիրել պրոֆեսիոնալ ներդրողների», - ասաց վարչապետը
Նիկոլ Փաշինյանը չբացառեց նույն երկաթուղու համար Ադրբեջանի հետ հատվածական սահմանազատման աշխատանքներ սկսելու հնարավորությունը։ Չնայած մինչ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները կողմերը որոշել էին ոչ թե Սյունիքից, այլ հյուսիսից՝ Տավուշից շարունակել այն։ Փաշինյանը դարձյալ ասաց, որ «Թրամփի ուղու» նախագծի բուն շինարարական աշխատանքները նախատեսում են սկսել հաջորդ տարվա երկրորդ կեսին։ Նշեց, որ Ադրբեջանի նախագահի հետ Կոպենհագենում քննարկել են, թե որտեղից պետք է սկսեն այն:
«Կարծես թե եկանք ըմբռնման, որ գուցե թե ամենաարագ. Իրականացվող է էլեկտրահաղորդման գծերի և գազամուղի. Կառուցումն է, բայց դա նախնական քննարկում էր և հետագա քննարկումների ընթացքում: Դա ավելի կկոնկրետացվի և հասկանալի կդառնա», - ընդգծեց վարչապետը:
«Թրամփի ուղու» մասին այսօր միջազգային համաժողովին խոսեց նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը. Քրիստինա Քվինը, սակայն, մանրամասներ չներկայացրեց նախագծից, միայն հայտարարեց, թե այն նոր հնարավորություններ է ստեղծում. «TRIPP-ն ու «Խաղաղության խաչմերուկը» նաև հնարավորություն են ստեղծում էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացման համար, ներառյալ TRIPP պոտենցիալ խողովակաշարերով, որոնց մասին այսօրվա իր ելույթում նշեց Հայաստանի վարչապետը»։
Չնայած Երևանից հնչող հայտարարություններին, որ Թրամփի երթուղին գործելու է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության սկզբունքների ներքո, Բաքվից շարունակում են Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը «Զանգեզուրի միջանցք» կոչել։
Ադրբեջանի նախագահն այսօր հայտարարել է՝ դրա բացումը կարևոր դեր կունենա ուղիղ և անխոչընդոտ կապերի հաստատման գործում, նաև շեշտել, որ տրանսպորտային ուղիները Բաքվում ոչ միայն որպես տնտեսական բարգավաճման աղբյուր են դիտարկում, այլ նաև թյուրքական պետությունների սերտ ինտեգրման կարևոր հիմք։
Առանց անուններ տալու՝ Ալիևը նաև պնդել է, թե ապակառուցողական ուժեր թիրախավորում են իրենց տրանսպորտային հանգույցները, քանի որ աճում են դրանց կարևորությունը: