«Հնարավոր է, որ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ ունենանք՝ կապված TRIPP նախագծի հետ», - այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Սահմանազատման Հայաստանի հանձնաժողովը գլխավորող Գրիգորյանի խոսքով՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հռչակագրի ստորագրումը գործընթացը շարունակելու երկկողմ շահագրգռվածություն առաջացրեց:
«Երկկողմ ստիմուլ կա գործընթացը շարունակելու սահմանազատման, և դա քննարկվում է: Բացի դա, ավելի կոնկրետացավ խոսակցությունները այն մասին, թե ենթակառուցվածները ինչ դիրք կունենան, և դիրքից կախված որ հատվածները մենք պետք է սահմանազատենք, որպեսզի նույնիսկ նախագծային աշխատանքերը սկսելու համար աշխատանքի բազա ունենանք: Հնարավոր է՝ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք», - ասաց փոխվարչապետը:
Գրիգորյանը նշեց, որ այս պահին էլ կառուցողական քննարկումներ կան ադրբեջանցի գործընկերոջ հետ, որոնք վերաբերում են ընդհանրապես գործընթացի շարունակությանը: Եվ որոշ ժամանակ անց կլինի տեղեկատվություն, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը: Մհեր Գրիգորյանը հիշեցրեց՝ վերջին հանդիպումն էլի կապված էր հենց TRIPP նախագծի հետ:
«Մենք այցելեցինք միասին հարավ և Ադրբեջանի տարածք, բայց դա հիմնականում կապ ուներ TRiPP-ի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների և գործընթացի, որը ուղղակիորեն կապ կունենա ենթակառուցվածքների լոկացիայի հետ», - հայտարարեց Հայաստանի փոխվարչապետը:
2024-ի գարնանը Տավուշի հատվածում մոտ 12 կմ սահմանազատելուց ու Ադրբեջանին չորս գյուղ վերադարձնելուց հետո այս տարվա սկզբին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե սահմանազատումը կշարունակեն հյուսիսից՝ այսինքն Տավուշից: Մինչ այս պահը, սակայն, այս ուղղությամբ որևէ գործնական աշխատանք չի կատարվել:
Սահմանազատման հանձնաժողովների ղեկավարներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն այս տարվա սեպտեմբերին են հանդիպել: