Մատչելիության հղումներ

«Երասխ -Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի». Արարատ Միրզոյան


«Ապաշրջափակումը իմաստ չի ունենա և չի աշխատի, եթե չապաշրջափակվի Երասխ - Սադարակ հատվածը», - հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

«Երասխ - Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի, և դա պետք է լինի օրգանական շարունակությունը կամ սկիզբը տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման: Չկա տրամաբանություն, երբ կաշխատի Հայաստանի հարավով անցնող երկաթուղին և չի աշխատի Նախիջևանով անցնող երկաթուղին», - 2026 -ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վստահեցրեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակացության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:

Խաչատրյանն ընդգծեց՝ եթե չբացվի Երասխ -Սադարակ հատվածը, ապա TRIPP-ը Հայաստանին ոչինչ չի տալու: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Երասխ- Սադարակ հատվածը պետք է բացվի, նոր բացվի Մեղրիից մինչև Ագարակ հատվածը, այսինքն Սյունիքով անցնող ճանապարհը: Խաչատրյանը կրկին հարցրեց՝ կոնկրետ Երասխ- Սադարակ հատվածը բացելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվո՞ւմ են, թե՞ ոչ:

Արարատ Միրզոյանը կատարվող աշխատանքների մասով ոչինչ չասաց, միայն կրկին պնդեց, որ՝ այո, պետք է ապաշրջափակվի Երասխ - Սադարակ հատվածը:

«Դուք ասում եք՝ սկզբից նա, հետո նա, կամ՝ համաժամանակյա: Ես ասում եմ՝ ընդհանրապես էս ապաշրջափակումը իմաստ չի ունենա և չի աշխատի, եթե էդ կտորը չապաշրջափակվի: Ենթադրվում է, որ դա պետք է լինի համաժամանակյա, համաժամանակյա տրամաբանական ռացիոնալ բանով եմ ասում, նույն րոպեին նկատի չունեմ»,- պարզաբանեց Միրզոյանը:


Մանրամասները տե՛ս այստեղ



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG