Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն պետք է օգնի Հայաստանին՝ սահմանելու անխոչընդոտ անցումը. ադրբեջանցի փորձագետ

Լրացված

Բաքվի ձգտումն է եղել ունենալ անխոչընդոտ հասանելիություն Ադրբեջանի և Նախիջևանի միջև, այսօր Երևանում «Օրբելի» կենտրոնի կազմակերպած միջոցառմանը հայտարարեց ադրբեջանցի փորձագետ Ռուսիֆ Հուսեյնովը:

«Ազատության» հարցին, թե վաշինգտոնյան հռչակագրում «անխոչընդոտ հաղորդակցություն» ձևակերպման ներքո ի՞նչ են հասկանում, արդյոք Ադրբեջանում անկնկալում են Հայաստանի տարածքով անցնել առանց ստուգումների, չհանդիպելով Հայաստանի իրավասու մարմինների աշխատակիցների, փորձագետը պատասխանեց. «Այժմ, եթե ես ճիշտ եմ հասկանում, հիմնական բանակցությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև են, վերաբերում են տարբեր հարցերի, բայց Ադրբեջանի դիրքորոշումը մնում է միանշանակ՝ հաշվի առնելով հատկապես հասարակությունների զգայուն իրավիճակը, ունենալ արագընթաց և անխոչընդոտ անցում:

Հիմնական նպատակն է, որ Նախիջևանի բնակչությունը շահույթ քաղի, նրանք նույնպես տուժել են գրեթե չորս տասնամյակ տևած հակամարտության հետևանքով»:

Հստակեցնող հարցին՝ ի՞նչ են հասկանում անխոչընդոտ անցում ասելով, ադրբեջանցի մյուս փորձագետը պարզաբանեց. «Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի պատասխանատվությունը պետք է լինի օգնել Հայաստանին՝ սահմանելու անխոչընդոտ անցումը: Սրա համար ժամանակ կպահանջվի, մենք չենք կարող հիմա ինչ-որ հստակ բան ասել, դա ադրբեջանա-հայկական և հայ-ամերիկյան բանակցությունների հարց է: Ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք, թե գործնականում անխոչընդոտ անցումը ինչ կարող է նշանակել: Դա կարող է նշանակել էլեկտրոնային համակարգ՝ առանց անձնական ստուգումների, կարող է նշանակել այլ մեխանիզմ»:

Նա նաև շեշտեց, որ «Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանի համար ավելի լայն հասկացություն է. «Այն չի վերաբերում TRIPP-ին, և ի տարբերություն Հայաստանի՝ դա չունի բացասական նրբերանգ, երբ մենք ասում ենք միջանցք, Հայաստանում այլ կերպ են ընկալում, Արդբեջանում՝ այլ»:

Ռուսիֆ Հուսեյնովը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի նախօրեի հայտարարությունները, առաջարկեց կարդալ վաշինգտոնյան հռչակագիրը:

«Կարծում եմ՝ հարցը պետք է Ադրբեջանի պաշտոնական անձանց ուղղեք, սակայն եթե փորձագիտական կարծիք եք հարցնում, առաջարկում եմ, որ ստուգենք Վաշինգտոնի հռչակագիրը, որը վերաբերում է տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության երկուստեք ճանաչմանը», - ասաց նա:

Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել էր, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, ընդգծելով՝ դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։ Իլհամ Ալիևը նաև շեշտել էր, թե 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ «տարածքում գրեթե բոլոր տեղանունները, ասօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա»:

Ադրբեջանը փորձագետները Հայաստանում մասնակցում են Օրբելի ֆորումին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG