Արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Իլհամ Ալիևին հարցրել է, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի նախագահը, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Ի վերջո, Ալիևը պարզաբանումներ ներկայացրե՞լ է Հայաստանի համար անընդունելի ձևակերպման մասով, թե՞ ոչ։ Առայժմ այս մասին որևէ տեղեկություն չկա։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում այսօր Կոպենհագենում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո կողմերը նույնաբովանդակ հաղորդագրություն տարածեցին։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդգծել են ԱՄՆ նախագահի նախաձեռնած խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը և վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը խաղաղության ամրապնդման ուղղությամբ։ Փաշինյանն ու Ալիևը նաև անդրադարձել են TRIPP-ի նախագծին։
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում TRIPP նախագծի իրականացման առաջընթացը, մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ, ասված է հաղորդագրության մեջ: Այս համատեքստում նրանք ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։
Չնայած պաշտոնական հաղորդագրության մեջ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շուրջ տարաձայնությունների մասին որևէ հիշատակում չկա, սակայն այս տերմինի շուրջ իրավիճակն այնքան լարվեց, որ Փաշինյանն անգամ հորդորեց Ալիևին քարտեզի վրա ցույց տալ «Զանգեզուրի միջանցքը», զգուշացնելով՝ որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել։
«Դիմեցի կոչով ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի՝ ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով, որտե՞ղ է այդ «Զանգեզուրի միջանցքը», քարտեզի վրա պետք է ցույց տալ այդ «Զանգեզուրի միջանցքը»», - ասել էր վարչապետը։
Փաշինյանը փակեց «Զանգեզուրի միջանցքի» թեման
Մինչ Ադրբեջանի նախագահը քարտեզի վրա ցույց կտար, թե ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով, Փաշինյանն առաջ ընկավ և երեկ խորհրդարանում արդեն սկսեց ենթադրություններ անել Ալիևի ձևակերպումների մասով, իսկ րոպեներ անց թեման փակված համարեց։
«Իմ ընկալումն այն է՝ երբ Ադրբեջանն ասում է «Զանգեզուրի միջանցք», իրենք նկատի ունեն Հորադիզ-Զանգելան ճանապարհը։ Կարող են ասել՝ դա միջանցք է, որը տանում է դեպի Զանգեզուր: Ասում են, թող ասեն, բայց Հայաստանի մասին չէ դա: Այդ երկու ելույթը և արձագանքները վերլուծելով՝ ես հասկացա, որ խոսքը Հորադիզ-Զանգելան ճանապարհի մասին է», - ասել է նա:
Թե ինչ արձագանքների վերլուծությունից հետո է Փաշինյանը հասկացել, որ Ալիևը «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ունի Հորադիզ-Զանգելան ճանապարհը, պարզ չէ։ Ամեն դեպքում երեկ վարչապետը, Ազգային ժողովում այս թեման հայտարարելով փակված, տվեց «Հորադիզ-Զանգելան» ձևակերպումը՝ «Զանգեզուրի միջանցքով» փոխարինելու իր բացատրությունը։
«Հորադիզ-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք»։ Թող ասեն «Զանգեզուրի միջանցք», մենք խնդիր չունենք։ Այդ թեման եկեք համարենք փակված», - ասել է նա:
Չնայած Փաշինյանի վստահեցմանը, որ այս տերմինի գործածումն այլևս խնդիր չէ, ընդամենը մի քանի օր առաջ նա ՄԱԿ-ի բարձր ամբիոնից, անըդնունելի համարելով «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, պնդում էր, որ այն ունի «գրգռող և նեգատիվ ազդեցություն և ընկալվում է, որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ»:
Ադրբեջանական կողմն առայժմ գոնե հրապարակավ չի արձագանքել իրենց խոսույթի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի մեկնաբանություններին, պարզ չէ՝ արդյո՞ք նրանք համաձայն են Փաշինյանի նոր բացատրության հետ, թե «Զանգեզուրի միջանքը» Զանգելան-Հորադիզ ճանապարհն է: