Մատչելիության հղումներ

Որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ-ի կողմից. Փաշինյան

Լրացված

Որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ Հայաստանի կողմից, ԵԽԽՎ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատվիրակներից մեկի հարցին:

«Սա արդեն իսկ ձեռք բերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է», - ասաց նա:

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ներկայացուցիչը Փաշինյանին ուղղված հարցում օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, ինչը վրդովեցրեց Փաշինյանին: Փաշինյանը հարց տվեց եվրոպացի պատգամավորին՝ որտեղի՞ց է նա վերցրել այդ ձևակերպումը, քանի որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում նման խոսույթ չկա:

«Որտեղի՞ց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ձեզ, որտե՞ղ եք կարդացել այդ արտահայտության մասին, նման արտահայտություն չկա, չի եղել, և համոզված եղեք, չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում»,- ասաց նա:

Հիշեցնելով, որ հորդորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պարզաբանել, թե ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով, Փաշինյանն արդեն ԵԽԽՎ -ում ադրբեջանական կողմին հորդորեց ցույց տալ, թե որտեղ է այդ միջանցքը քարտեզի վրա:

Հարցերին նախորդած իր ելույթում վարչապետը շեշտեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր խաղաղություն է հաստատված:

«Չեմ կարող ասել, որ դա միայն ՀՀ կառավարության և ժողովրդի ձեռքբերումն է, դա նույնքան Ադրբեջանի կառավարության և ժողովրդի ձեռքբերումն է, եթե այդպես չլիներ, խաղաղություն չէր լինի», - ասաց նա:

Փաշինյանը հավելեց՝ խաղաղությունը արձակուրդ կամ հանգիստ չէ, այլ ամենօրյա աշխատանք է, որն ամենօրյա խնամք է պահանջում իր նկատմամբ:

«Մեր նորածին խաղաղությունն այսօր 1 ամիս 22 օրական է, խանդաղատանքով պետք է խնամենք նրան, որ նա մեծանա, հասունանա, ուժեղանա և իրենով ծաղկեցնի Հարավային Կովկասի մեր տարածաշրջանը: Այս համատեքստում կարևոր է նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը և երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեագրումը», - ասաց նա:

Բաքվում այսօր, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի է պահվում:

44-օրյա պատերազմից հետո մինչև այժմ 172 զինծառայողի ճակատագիր անհայտ է, 19 քաղաքացիական անձինք նույնպես ոչ զոհերի, ոչ էլ գերիների ցանկում չկան:

XS
SM
MD
LG