Մատչելիության հղումներ

«Զանգի Թրամփին, տես՝ ինչ է ասում». ինչո՞ւ է Ալիևը շարունակում պնդել «Զանգեզուրի միջանցքի» մասին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից անցած շաբաթ օրը հորդորեց Ադրբեջանի նախագահին պարզաբանել, թե նա ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը պարբերաբար օգտագործելիս։ Միջազգային հանրության առջև ունեցած ելույթում Փաշինյանը պնդեց՝ այդ ձևակերպումը, որ երբեք Ադրբեջանի հետ բանակցություններում չի քննարկվել, Հայաստանում ընկալվում է որպես տարածքային պահանջ և նվազեցնում է խաղաղության նկատմամբ մարդկանց վստահությունը։

«Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում՝ այս ամբիոնից, օգտագործել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, Հայաստան–Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ՝ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում», - ասել է վարչապետը։

Ադրբեջանի նախագահը Փաշինյանի ելույթից օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առիթը չկորցրեց և կրկին Հայաստանի ինքնիշխան տարածքն անվանեց «Զանգեզուրի միջանցք»։ Ալիևը մասնավորապես ասել էր, թե Թրամփի ուղին՝ TRIPP-ը, «կապահովի անարգել անցում Զանգեզուրի միջանցքով»:

Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը շուրջ 2 տարի զբաղեցրած Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Իլհամ Ալիևի այս պնդումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պարզապես այդ ճանապարհը Հայաստանի տարածք չի ճանաչում։

«Դե զանգի Թրամփին, Թրամփին ասում էին, որ պրոբլեմներ լինեն, ի՞նչ կանեք, ասում էր՝ զանգեք ինձ: Զանգի Թրամփին, տես՝ լա ինչ է ասում, - ասաց Մարուքյանը, - Չի՞ կարող Ալիևը գրել, որ Հայաստանի տարածքով կկապվենք մեր մյուս տարածքի հետ, ոչ մի բառ այստեղ անկապ չի գրած, Ադրբեջանն այդ տարածքը չի ճանաչում որպես Հայաստան, դա համարում է էքստրատերիտորիա»:

Արձագանքելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը պարզաբանելու Նիկոլ Փաշինյանի հորդորին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը նկատում է՝ եթե Ադրբեջանն ու Հայաստանը իսկապես պայմանավորվել են ճանապարհների ապաշրջափակման մասին, եթե իսկապես այդ պայմանավորվածությունները Հայաստանի ինքնիշխանությունը չեն խախտելու, ապա Ալիևը ինչ անուն էլ դնի, բան չի փոխվելու։

«Այսինքն՝ քո պրոբլեմն իր ձևակերպած բառե՞րն են, թե՞ բովանդակությունը, կարո՞ղ ես բացատրել: Հետո ի՞նչ է նշանակում՝ հասնել ՄԱԿ-ի ամբիոն ու այնտեղ ասել՝ «մի հատ դու պարզաբանի՝ ինչ նկատի ունես»: Երկու ամիս առաջ բան եք պայմանավորվել, մի հատ Շանհայի համագործակցության կազմակերպությունում ես ասում՝ «հարգելի գործընկերներ, մենք այսպես չենք պայմանավորվել, թող իրենք ասեն», մի հատ էլ եկել ես, ՄԱԿ-ում ես ասում՝ «պարզաբանի»: Եթե դուք բազային ձևակերպումների մեջ պայմանավորվածությունը չեք կարողանում պահել, ինքը մի ձևի է ընկալում, դու՝ մի ձևի, բնականաբար Թրամփն էլ՝ եսիմ ինչպես, բա դու պատկերացնո՞ւմ ես, որ հեսա բովանդակություն հարցերը քննարկեք», - ասաց Մարուքյանը:

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանի համոզմամբ՝ «Թրամփի ուղու» գործարկման շուրջ առարկայական քննարկումները Թուրքիան և Ադրբեջանը կսկսեն հաջորդ տարվա հունիսից հետո, այսինքն՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո, քանի որ երբ այդ աշխատանքները սկսվեն, հասարակության համար պարզ է դառնալու, որ խոսքը իրականում միջանցքի մասին է։

«Այս ամեն ինչը՝ այս խաբկանքը նրա համար է, պարզ է՝ Ալիևն ու Էրդողանը հանգիստ են տալու մինչ հունիս, որովհետև իմպլեմենտացիան հենց հանեն, գմփունը դուրս է գալու, որովհետև պարզվելու է, որ դա միջանցք է: Հիմա որպեսզի դա հիմա չտրաքի, սենց՝ «դու մի հատ պարզաբանի», չէ՞ որ այսքան բերկրանքը, պոզիտիվը, ...այսպիսի բաներ են խոսելու, հետո կգա, կփորձի վերընտրվել, հետո արդեն կգան տղերքը», - շեշտեց ԼՀԿ ղեկավարը:

Լրացվում է

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG