Վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է հաստատված, սակայն առջևում դեռ շատ աշխատանք կա անելու, իսկ Ադրբեջանի նախագահի կիրառած խոսույթը չի նպաստում խաղաղությանը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ժամանակ իր ելույթում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խաղաղությունը այսպիսով հաստատված է, բայց խաղաղությունն արձակուրդ չէ, այլ աշխատանք, ամենօրյա աշխատանք։ Խաղաղությունը ամենօրյա խնամք է պահանջում նորածին մանուկի նման իրեն պաշտպանելու վարակից, ցրտից ու շոգից, անտարբերությունից ու հոռետեսությունից»,- ասաց նա՝ հավելելով, որ խաղաղության հաստատման գործում վճռական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը։
Ընդամենը մեկ օր առաջ նույն ամբիոնից Ադրբեջանի նախագահը մեկ հիմնական ուղերձ էր հղել՝ Ադրբեջանը հաղթել է, հասել իր առջև դրված նպատակներին ու նոր դարաշրջան բացել պատմության մեջ։ Իլհամ Ալիևը բարձր ամբիոնից կրկին Հայաստանին մեղադրել էր «էթնիկ զտումների, ռազմական հանցագործությունների ու խաղաղ կարգավորման տարբերակները արհամարհելու համար»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խաղաղության կառուցման և դրա պահպանման համատեքստում չափազանց կարևոր է «գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը և երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը», որը, ըստ նրա, նույնպես կառավարության ամենօրյա աշխատանքի մաս է։
«Զանգեզուրի միջանցք» արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա»
Վարչապետն անդրադարձով նաև «TRIP ուղի» ենթակառուցվածքային նախագիծին՝ նշելով, որ այն գործելու է Հայաստանի տարածքով ԱՄՆ-Հայաստան երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով և կունենա թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ նշանակություն։
Հաստատված խաղաղության խնամքի համատեքստում շատ կարևոր է խաղաղամետ և համաձայնեցված խոսույթի կիրառումը նաև այս նախագծի մասին, ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել են Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում այս ամբիոնից օգտագործել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք», արտահայտությունը։
«Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Կարծում եմ, որ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»,- ասաց նա։
Ըստ վարչապետի՝ այս խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում, խաղաղության մթնոլորտից և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում։
«Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ճիշտն ասած չեմ հասկանում՝ որն է ահռելի, պոզիտիվ բովանդակության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Մի՞թե խաղաղությունը բավարար բերկրանք և բարարավածություն չի պատճառում։ Ինձ, օրինակ, պատճառում է։ Ինձ բավարար բերկրանք է պատճառում նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը տպավորիչ տեմպերով զարգացող, անկախ, ինքնիշխան, սեփական ապագան այսօր կառուցող ժողովրդավարական պետություն է և ատելություն չի տածում ու չի տարածում հարևաններից և որևէ մեկի նկատմամբ», - նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ «Զանգեզուրի միջանցքի» և այդօրինակ խոսույթները ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում, կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող և նեգատիվ ազդեցություն և ընկալվում են որպես ինքնիշխան պետության նկատմամբ որպես տարածքային պահանջ՝ ի հեճուկս ձեռք բերված և հռչակված պայմանավորվածությունների։
«Բայց սա, իհարկե, մեզ ոչ մի միլիմետր չի շեղի խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից ․․․ Ադրբեջանցի գործընկերոջոս առաջարկում եմ կենտրոնանալ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտափույթ և ճշգրիտ կյանքի կոչելու վրա, ինչի համար էական է լեգիտիմ խոսույթների կիրառումը»,- ասաց նա։
Կառավարության ղեկավարը շեշտեց՝ Վաշինգտոնի հռչակագրի համաձայն՝ ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համար Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացումը տեղի է ունենալու պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։
Հայ-թուրքական հարաբերությունների մասին
Նա նաև ասաց, որ «TRIP ուղի» նախագծի համար կարևոր է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի գոյություն ունեցող երկաթուղու, ավտոճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի զարգացման հեռանկարով։
«Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության աճող մակարդակով։ Սա մի ձեռքբերում է, որը ես չափազանց բարձր եմ գնահատում և համոզված եմ, որ տեսանելի ապագայում բերելու է դրական արդյունքների, այն է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական սահմանի լիարժեք բացման»,- ասաց նա։
Վարչապետը նաև խոսեց Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնման մասին, բերեց Պակիստանի և Սաուդյան Արաբիայի օրինակները, որոնց հետ Հայաստանն արդեն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել։
«Հավասարակշված արտաքին քաղաքականությունը նոր հորիզոններ է բացում մեր առաջ։ Մենք ակտիվացնում ենք մեր հարաբերությունները Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ», - ընդգծեց վարչապետը։
ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մասին
Նիկոլ Փաշինյանը անդրադարձով նաև ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքին, որն Ազգային ժողովն ընդունեց այս տարվա մարտին։ Ըստ նրա՝ այն մեծ նշանակություն ունի Հայաստանի օրակարգի համար։
«Այս օրենքը ոչ միայն ԵՄ-ի հետ մեր աննախադեպ բարձր մակարդակի հարաբերությունների արտահայտությունն է, այլև ուղիղ վկայություն ժողովրդավարական արժեքներին մեր նվիրվածության»,- շեշտեց նա։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ցանկանում է ինստիտուցիոնալ առումով համապատասխանել ԵՄ ստանդարտներին, առանց որոնց հնարավոր չէ անդամակցություն։ Եվ երբ Հայաստանը օբյեկտիվորեն կհամապատասխանի դրանց՝ Հայաստանին կա՛մ կընդունեն, կա՛մ՝ ոչ։
«Եթե կընդունեն՝ լավ է, եթե՝ ոչ, ապա մենք լուծած կլինենք մեր առաջ դրված մի կարևորագույն խնդիր։ Հայաստանը կլինի ժամանակակից, առաջավոր ստանդարտներին համապատասխանող երկիր»,- ասաց Փաշինյանը։
«Ադրբեջանի հետ սերտ երկխոսությամբ մենք այլևս երբեք չենք շեղվի խաղաղության ուղեգծից»
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ ժողովրդավարության ոլորտում այս իշխանությունների ունեցած ձեռքբերումները առավել ինստիտուցիոնալ ու ժողովրդամետ դարձնելու համար մտադիր են «2026-ին ժողովրդի մանդատը ստանալուց հետո նախաձեռնել սահմանադրական հանրաքվե՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար, որի արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը և երկրում հաստատված իրավակարգը օրգանական կապով կկապվեն սահմանադիրի, այսինքն՝ ժողովրդի հետ՝ Հայաստանի պետականությունը դարձնելով հարատև ու ժողովրդակենտրոն»։
Վարչապետը հայտնեց, որ 2026-ին Հայաստանում մի քանի միջոցառումներ կանցկացվեն, այդ թվում՝ 2026-ի հոկտեմբերի 18-30-ը ՄԱԿ կենսաբանական բազմաբանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով։ Ապա, հույս հայտնեց, որ այդ ժամանակ արդեն ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանում զեկուցած կլինի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնգիրը առնվազն ստորագրված կլինի, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ բացված, «TRIP ուղի» նախագծի ներդրումային ծրագրի մի մեծ հատվածը՝ արդեն իսկ իրականացված։
«Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր նվիրվածությունը խաղաղության օրակարգին և ձեռք բերված խաղաղությանը։ Համոզված եմ՝ Ադրբեջանի հետ սերտ երկխոսությամբ, տարածաշրջանային երկրների և միջազգային հանրության աջակցությամբ մենք այլևս երբեք չենք շեղվի խաղաղության ուղեգծից։ Կեցցե երկխոսությունը, կեցցե դիվանագիտությունը, կեցցե խաղաղությունը»,- իր ելույթը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։