ՄԱԿ-ի ամբիոնից ավելի քան 15 րոպեանոց ելույթը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ սկսեց ու ավարտեց մեկ հիմնական ուղերձով՝ Ադրբեջանը հաղթել է, հասել իր առջև դրված նպատակներին ու նոր դարաշրջան բացել պատմության մեջ։ Արցախի ու Հայաստանի դեմ հարձակումները բնորոշելով որպես «Հայրենական, ազատագրական պատերազմ»՝ Ալիևը բարձր ամբիոնից կրկին Հայաստանին մեղադրեց «էթնիկ զտումների, ռազմական հանցագործությունների ու խաղաղ կարգավորման տարբերակները արհամարհելու համար»:
«Գրեթե 30 տարի Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մոտավորապես քսան տոկոսը գտնվում էր Հայաստանի կողմից ռազմական օկուպացիայի տակ։ Հայաստանի էթնիկ զտումների և ռազմական հանցագործությունների քաղաքականության արդյունքում մեկ միլիոն ադրբեջանցիներ վտարվել էին իրենց հայրենիքից, նրանց հիմնարար իրավունքները՝ կոպտորեն ոտնահարվել», - ասաց նա։
44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցից օրեր առաջ Ալիևը նաև պնդեց՝ Ադրբեջանը վեցշաբաթյա այդ հարձակման ընթացքում «հետևել է միջազգային բոլոր մարդասիրական ու պատերազմական կանոններին», մինչդեռ Հայաստանը «բալիստիկ հռթիռներով ու կասետային զինամթերքով ռմբակոծել է քաղաքներ ու գյուղեր, սպանել խաղաղ բնակիչների»։ Պատերազմի ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերի, հիվանդանոցների ռմբակոծության, գերիների գնդակահարության ու վարձկանների ներգրավման մասին Ալիևը ոչ մի բառ չասաց։ Միայն արձանագրեց՝ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել։
«2020 թվականի նոյեմբերի 10-ը պատմության մեջ մտավ որպես Հայաստանի կապիտուլյացիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման օր՝ գրեթե 30 տարվա օկուպացիայից հետո», - ասաց Ալիևը։
Խաղաղության մասին Ադրբեջանի պատկերացումների հիմքում՝ «Զանգեզուրի միջանցքը»
Սեփական ռազմական ագրեսիան արդարացնող ու հիմնավորող այս ուղերձներից հետո միայն նա խոսեց Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին՝ չմոռանալով կրկին շեշտել, որ դրա նախաձեռնողը Բաքուն է եղել։ Ընդգծեց՝ խաղաղության մասին Ադրբեջանի պատկերացումների հիմքում «Զանգեզուրի միջանցքն» է։
«Տարածաշրջանային հաղորդակցությունը մեր տեսլականի հիմքն է երկարատև խաղաղության համար։ Վաշինգտոնյան գագաթնաժողովի հիմնական արդյունքներից մեկը Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին է (TRIPP), որը կապահովի անարգել անցում Զանգեզուրի միջանցքով և կամրապնդի տարածաշրջանային կապերը», - ասաց նա:
Հաղորդակցության ուղիներից բացի, Ալիևն առանձնացրեց ևս երկու հարց, որ պետք է լուծվի՝ «Ադրբեջանում օկուպացիայի ընթացքում Հայաստանի տեղադրած ականնները շարունակում են մարդկային կյանքեր խլել»։ Սա, ըստ նրա, Ադրբեջանի ամենամեծ մարդասիրական խնդիրներից մեկն է և ոչ միակը. «Ճիշտ նույն կերպ 1990-ականների սկզբից ի վեր Հայաստանի կողմից իրականացված ագրեսիայի և օկուպացիայի ընթացքում անհետ կորած գրեթե չորս հազար ադրբեջանցիների ողբերգական ճակատագիրն է պահանջում է հատուկ ուշադրություն և գործողություններ»։
Ալիևն սպասում է, որ Կոնգրեսը չեղարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցները
Թե այս հարցում կոնկրետ ումից և ինչ գործողություն է ակնկալում, Ադրբեջանի առաջնորդը չհստակեցրեց։ Փոխարենը կոնկրետ ընդգծեց՝ սպասում է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսն էլ, հետևելով նախագահ Թրամփին, կչեղարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցները, որ սահմանվել էին Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին։
«907-րդ լրացումը կասեցնելու նախագահ Թրամփի որոշումը պատմական քայլ է։ Կոնգրեսի կողմից այդ հոդվածի վերջնական չեղարկումը վերջ կդնի երկակի ստանդարտներին և կամրապնդի վստահությունն ու համագործակցությունը մի փուլում, երբ Ադրբեջանը նպաստում է համաշխարհային անվտանգությանը և կայունությանը», - նշեց նա։
Ադրբեջանը հաղթել է և՛ ռազմի դաշտում, և՛ խաղաղությունն ամրագրելիս, հայտարարեց Ալիևը։ Համատարած կոռուպցիայով, ընդդիմադիրների ու ազատ խոսքի դեմ բռնապետական քայլերով հայտնի առաջնորդը նաև պնդեց՝ Ադրբեջանը պատրաստ է կիսվել հաջողության հասնելու իր փորձառությամբ։
«Անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ նախագահի նկատմամբ». Սիմոնյանը՝ TRIPP-ը «Զանգեզուրի միջանցք» անվանելու մասին
Ի դեպ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է՝ վատ է, որ Ալիևն է TRIPP-ն անվանում «Զանգեզուրի միջանցք». «Ես կարծում եմ, որ ինչ-որ ժամանակի ընթացքում այդ խոսույթն, այնուամենայնիվ, կփոխվի»
«Յուրաքանչյուր մարդ, ով կասի TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» կամ միջանցք՝ Հայաստանում կամ աշխարհում, դա առաջինն անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ նախագահի նկատմամբ: Երկրորդ՝ այդ մարդն իր լեզվամտածելակերպի մեջ չի խոսում խաղաղության մասին, ինքը խոսում է պատերազմի իրավիճակում միջանկյալ ինչ-որ լուծման մասին», - հայտարարեց Սիմոնյանը: