Խորհրդարանական ընդդիմությունը վստահ է՝ երբ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնում, որ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, նա տեղի է տալիս ադրբեջանական պահանջներին:
Իշխանությունից հակադարձում են՝ որոշողը ժողովուրդն է: Միևնույն ժամանակ հայտարարելով՝ չեն կարող անտեսել, ինչպես ձևակերպեց իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը, «այն ռիսկերը կամ դանդաղ աշխատող ռումբերը, որոնք դրվել են Անկախության հռչակագրի մեջ»:
Հռչակագիրը պահպանելու վտանգներից վարչապետ Փաշինյանը մեկ տարի առաջ այլաբանությամբ էր խոսել, ուղիղ տեքտսով իր տեսակետն այս շաբաթ խորհրդարանում հայտնեց: Այս ընթացքում Ադրբեջանը չի նահանջել իր նախապայմաններից՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար Հայաստանն, ըստ Բաքվի, պետք է համաձայնի լուծարել ղարաբաղյան խնդրով զբաղված Մինսկի խումբը, փոխի Սահմանադրությունը: Մայր օրենքում ադրբեջանցիները չեն ուզում տեսնել հենց Անկախության հռչակագրին հղումը, որտեղ Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին հիշատակում կա:
«Ինքը փորձեց Սահմանադրական դատարանի որոշման միջոցով Ադրբեջանին համոզել, որ Սահմանադրության մեջ ինչ գրված է, միայն դա և Անկախության հռչակագիրը որևէ առնչություն չունի մեր Սահմանադրության հետ: Բայց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմին դա չի բավարարում և հիմա հերթական պահանջն է գնում, որ եթե այն թղթի կտորը, որ համաձայնեցրել ենք, ուզում եք ստորագրենք, գնացեք և փոխեք ձեր Սահմանադրությունը: Եթե երկար ժամանակ իշխանության կողմից այլ մանիպուլատիվ թեզը գնում էր, թե բա սահմանադրական փոփոխությունները կամ նոր Սահմանադրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության օրակարգ են, արդեն առավել քան ակնհայտ է, որ դա բացառապես Ադրբեջանի պահանջն է», - ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Քաղաքացիական պայմանագրից» Արսեն Թորոսյանն էլ նշեց. - «Մենք չենք այդ պահանջները կատարողը, այլ լինելու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: Ժողովուրդն է որոշելու՝ ընդունի այդպիսի Սահմանադրություն, թե՝ չէ, նույնիսկ եթե մենք նման բան առաջարկենք: Երբ որ որևէ երկրի ղեկավար քո երկրից պահանջում է ինչ-որ բան, դա ավելի շատ նշանակում է, որ ինքը հատուկ է դա անում, որպեսզի ժողովուրդը դեմ քվեարկի, քան կողմ»:
Մինչ Բաքուն հետ չի կանգում իր պահանջներից, Հայաստանի իշխող ուժից շարունակում են պնդել՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը խոչընդոտ այսօր չկա: Կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանի խոսքով՝ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը չի կարող խոչընդոտ լինել միջազգային պայմանագրի գործունեության համար: Պատգամավորը հղում էր անում նախագծի այն կետին, ըստ որի երկրների ներքին օրենսդրությունը չի կարող խոչընդոտ լինել համաձայնագրի իրականացման համար: Հենց այդ ձևակերպման պատճառով է, որ պաշտոնական Երևանը, ըստ իշխանական պատգամավորի, չի խոսում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների մասին, որոնք տեսնում է Ադրբեջանի Սահմանադրության մեջ:
Այդ դեպքում Անկախության հռչակագրի հղումից ինչո՞ւ հրաժարվել. - «Այդ ձևակերումները, որ այնտեղ տրված են, միշտ խոսում են Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու մասին, որովհետև երբ որ դու հավակնություններ ես ունենում քո Անկախության հռչակագրի մեջ այսօր միջազգային ճանաչում ունեցող երկրների տարածքներին, դու կարող ես ակնկալել, որ երկրները դրան հանգիստ են բերաբերվելո՞ւ, թե՞ իրենք էլ ակնկալիք են ունենալու քո տարբեր տարածքների, որոնք կարող են պատմականորեն համարել իրենց ինչ - որ հանրապետությունների կամ կայսրությունների տարածքները»:
Մինչև Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու ադրբեջանական պահանջի ձևակերպումը, կոնկրետ հռչակագրից հրաժարվելու հարց տարիներ շարունակ Սահմանադրություն փոխելու, նոր Սահմանադրության մտադրություն ունեցող Փաշինյանի իշխանությունը երբեք չի բարձրաձայնել: Իշխանությունը հերքում էր, հիմա էլ հերքում է, թե դրսից պարտադրանք կա, շարունակում են վստահեցնել՝ սա Հայաստանի ներքին գործն է: Ադրբեջանի արտգործնախարարը մինչդեռ երեկ վերստին պնդել է՝ Հայաստանից այդ պահանջների կատարմանը սպասում են 2022 թվականից:
«Չեմ ժխտի, որ մենք սրա մասին սկսել ենք խոսել ինչ-որ ժամանակ հետ ու ժամանակին չենք խոսել, ու սա նաև խոսում է նրա մասին, որ մեքն քարացած չենք մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից: Մենք նաև սովորում ենք մեր իսկ սխալների վրա ու չենք ամաչում դրա մասին խոսել: Հա, մենք լավ չենք հասկացել, եթե անկեղծ ասեմ, ու մենք բոլորս լավ չենք հասկացել: Եթե ինչ-որ մեկն ասել է, որ ինքը լավ է հասկացել ու լռել է, դա իրականա դավաճանությունը, երբ դու իմացել ես, որ դա վտանգ է ներկայացնում քո երկրի ինքնիշխանությանն ու անկախությանը, բայց ոչինչ չես ասել ու չես արել: Մենք ասում ենք, որ մենք հասկացել ենք դա հիմա, ու մենք չենք կարող լռել դրա մասին հասկանալուց և իմանալուց հետո», - ասաց Թորոսյանը:
«Ազատության» հարցին՝ հասկացել եք Ադրբեջանի հայտարարություններից հետո՞, Արսեն Թորոսյանը պատասխանեց. - «Կարևոր չի՝ ինչից հետո ենք հասկացել, կարևորը հասկացել ենք մեր հետ տեղի ունեցածից հետո, ոչ միայն Ադրբեջանի հայտարարություններից հետո, մենք ինքներս էլ կարդալ-գրել գիտենք: Բայց երբ որ դու պրիզման փոխում ես, ամեն ինչ փոխվում է»:
Թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցություններում համակարծիք են՝ Ադրբեջանի պահանջները չեն դադարելու. - «Դրանցից մեկը վերաբերում է այս փաստաթղթից դուրս քննարկվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային, երկրորդը վերաբերում է, այսպես կոչված, ադրբեջանցիների վերադարձին, ընդ որում, ներկայացվում է բավականին մեծ թիվ այն ադրբեջանցիների թվի, որոնք սովետական շրջանում ապրել են Հայաստանում: Բնականաբար, ոչ մի խոսք չի գնում Ադրբեջանի տարածքում ապրող այն հայերի մասին, որոնց ոչ միայն բռնի տեղահանության դրդեցին, այլ նաև էթնիկ զտումների ենթարկեցին»:
Նոր Սահմանադրության տեքստն Արդարադատության նախարարությունը գրում է առանց հայեցակարգի, իսկ ժամկետներն անընդհատ կրճատվում են: Ըստ վարչապետի որոշման՝ մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը պետք է ներկայացվեր նոր Սահմանադրության հայեցակարգի նախագիծը, հիմա արդարադատության նախարարն ասում է՝ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մինչև 2026-ի խորհրդարանական ընտրությունները: