Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ իր կարծիքով նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին:
«Բայց որոշողը ՀՀ ժողովուրդն է, իհարկե կողմ և դեմ փաստարկներ բերողները քաղաքական ուժերն են: Դա իմ քաղաքական դիրքորոշումն է», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցին:
Տևական ժամանակ է՝ ադրբեջանցի պաշտոնյաները պահանջում են Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին: Բաքուն այն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջ է համարում։ Երևանը բազմիցս հակադարձել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ:
Վարչապետ Փաշինյանն այսօր շեշտեց, որ նոր Սահմանադրություն ընդունելու հարցն իրենց իշխանության օրակարգում է եղել հեղափոխությունից անմիջապես հետո. «Դեռևս 2020թ. փետրվարին հարցազրույցում ես ինքս անդրադարձել եմ այդ խնդրին, որ կա նման խնդիր»:
Նոր Սահմանադրություն ունենալու պատճառը Նիկոլ Փաշինյանն այսպես ներկայացրեց. «Հիմնական խնդիրը, որ ես տեսնում եմ, հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև օրագանական կապի խզում ունենք մենք, և դա ամեն օր եմ տեսնում: Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ իրավակարգը, որը բխում է Սահմանադրությունից, կտրված է ժողովրդից մի պարզ պատճառով՝ սահմանադրական բոլոր հանրաքվեները, հանրային համոզվածության համաձայն, ժողովրդի անհրաժեշտ թվով ձայներ չեն ստացվել, այլ կերպ ասած՝ հանրաքվեների արդյունքները մանիպուլացվել կամ կեղծվել են»:
Ճանապարհների ապաշրջափակման մասին խոսելով՝ վարչապետը նշեց, որ Երևանը հենց «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ֆիքսել է՝ պատրաստ է ընթացակարգերի պարզեցումների չորս հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ Հայաստանի տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն:
Ապաշրջափակման թեման Հայաստանն ու Ադրբեջանը դուրս բերեցին խաղաղության պայմանագրից:
Առավել մանրամասն տե՛ս այստեղ