Մատչելիության հղումներ

Փաշինյանն Ալիևին առաջարկում է Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրել


«Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ Կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից». - Հայաստանի վարչապետն Ադրբեջանին առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրել:

«Նույն տեղում նույն պահին ստորագրել թե՛ առաջինը և թե՛ երկրորդը», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Խաղաղության համաձայնագրի տեքստը կողմերը համաձայնեցրել են մեկ ամիս առաջ: Նախքան ստորագրելը Բաքուն պահանջում է լուծարել Ղարաբաղյան հարցի լուծման համար ստեղծված Մինսկի խումբը և փոխել Հայաստանի Սահմանադրությունը: Փաշինյանը հայտնել է, որ պատրաստ է Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսել:

«Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը», - հիմնավորել է Հայաստանի ղեկավարը:

Գործընթացը սկսելուց առաջ Փաշինյանն ուզում է համոզվել՝ արդյոք լայն մանդատ ունեցող Մինսկի խումբը լուծարելու պահանջը հակամարտությունը Հայաստանի ինքնիշխան տարածք տեղափոխելու նպատակով չէ:

«Եվ մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան - Ադրբեջան հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելուն և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ», - այսօր ասաց վարչապետը:

Եվ որպեսզի կողմերի մտահոգությունները փարատվեն, այս հարցերը, ըստ Փաշինյանի, նույն պահին ու նույն վայրում պետք է լուծվեն. - «Սա, ընդ որում, պաշտոնական առաջարկություն է»:

Նիկոլ Փաշինյանի առաջարկին Բաքվից դեռ չեն արձագանքել:

«Ինչպե՞ս կարող են երաշխավորել, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնելու»

Երկու փաստաթղթերի միաժամանակյա ստորագրմամբ էլ ոչինչ չի փոխվի, մտահոգությունները չեն փարատվի, համոզված է Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Ինչպե՞ս կարող են երաշխավորել, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնելու, եթե հիմա արդեն բանակցային սեղանին առկա բոլոր պահանջները վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Վարդանյանը՝ շարունակելով. - «Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ Մինսկի խումբը մենք հենց էն պահին պիտի լուծարենք, երբ որ Մինսկի խմբի համանախագահ երկրների հարաբերություններում դրական դինամիկա կա, և իրենք սկսել են խոսել արդեն իրար հետ, և գուցե էդ ֆորմատը աշխատի՞»:

Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի Հանրապետությունից տարածքներ է զավթել և ոչ մի մետր չի նահանջել, այս պահանջները կատարելուց հետո էլ խաղաղություն չի լինի, Հայաստանին նոր պահանջներ է պարտադրելու, վստահ է ընդդիմադիր պատգամավորը:

«Եկեք նայենք բանակցությունների դինամիկան հինգ տարիների՝ Ադրբեջանի քանի՞ պահանջ է հնարավոր եղել սեղանից դուրս բերել նրա պահանջները կատարելով: Մինսկի խմբի կարիք հիմա կա ավելի շատ, քան եղել է հակամարտության կարգավորման ամբողջ ընթացքում; Չգիտի՝ էլ ի՞նչ առաջարկի, որ ձեռք բերի մի թուղթ, որի վրա գրված է խաղաղություն: Էս է խնդիրը», - ասաց Քրիստինե Վարդանյանը:

Արցախցիներն էլ են դատապարտում

Արցախցիներն էլ են դատապարտում Փաշինյանի՝ Մինսկի խումբը լուծարելու պատրաստակամությունը, հույս ունեն, որ այս ճանապարհով դեռ հնարավոր է առաջ մղել Արցախ վերադառնալու իրավունքը:

«Խիստ դատապարտելի է, որ Արարատ Միրզոյանը կլինի, Նիկոլ Փաշինյանը կլինի, թե պաշտոն զբաղեցնող կոնկրետ անձինք, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության այդ մեխանիզմները վիժեցնում են», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Վարչապետին խորհրդարանում հարցեր տվեցին միայն իր թիմակիցները:

Խաղաղության համաձայնագիրը դարձնել Սահմանադրությունից ավելի բարձր ուժ ունեցող փաստաթուղթ

Բաքվի մյուս պահանջից՝ Սահմանադրության փոփոխությունից էլ խոսեց Հայաստանի ղեկավարը:

Ադրբեջանից պահանջում են, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը, Մայր օրենքից ջնջվի Անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակվում է Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին: Համարում են, որ սա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է:

«Հայաստանի Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինը անբեկանելի որոշմամբ սահմանել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան», - ընդգծեց վարչապետը:

Սահմանադրական դատարանը 7 ամիս առաջ է որոշել՝ որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա երկրի Մայր օրենքում: Եթե իսկապես մտահոգված են, և սա խաղաղության պայմանագիրը տապալելու պատրվակ չէ, Հայաստանի վարչապետն առաջարկում է խաղաղության համաձայնագիրը ստորագրել, խորհրդարանով վավերացնել ու դարձնել Սահմանադրությունից ավելի բարձր ուժ ունեցող փաստաթուղթ:

«Եվ խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի Հայաստանի Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է. - «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»: Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ, և հետևաբար՝ խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը», - պնդեց Փաշինյանը:

Հայկական կողմի պնդումները, որ Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունեն, Արցախի էջն էլ փակված են համարում, չեն փոխել Բաքվի դիրքորոշումը: Օրերս Անթալիայում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հավաստիացումներն էլ չհամոզեցին ադրբեջանցի գործընկերոջը: Փաշինյանի կառավարությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսել է, նախատեսում են 2027-ին ավարտել, չի բացառվում, որ ավելի շուտ էլ հանրաքվե անցկացնեն՝ վարչապետն արդեն հայտարարել է, որ իր թիմում նման առաջարկներ կան:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG