«Ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն կլինի չափազանցություն, բայց ես կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել», - արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսպես արձագանքեց «Ազատության» հարցին՝ արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը փակված կարելի՞ է համարել, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր մայր օրենքը, չի գնացել Մինսկի խմբի լուծարման:
Ադրբեջանը չի նահանջում պայմանագրի ստորագրման համար առաջ քաշած այդ երկու նախապայմանից: Համաձայնության բացակայության մասին նախարար Միրզոյանը խոսում է Անթալիայում ադրբեջանցի իր գործընկերոջ հետ 4 օր առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո:
«Մինսկի խմբի գոյությունն իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա, հակառակը, կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունը տալ ստորագրված համաձայնագրի պարագայում: Այդ պատճառով մենք կողմ ենք ու բաց ենք ձևաչափի լուծարման գործընթացին: Մենք ուղղակի կարծում ենք, որ մենք էդ գործընթացները կարող ենք, փաստաթղթերն առնվազն նույն օրը ստորագրել, ինչ հաջորդականություն ուզում եք դրեք՝ մեկը խաղաղության համաձայնագիրը և մյուսը հակատեղ դիմումը ԵԱԿ-ին՝ տեղեկացնելով էդ խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի ու Ադրբեջանի պատրաստակամության նախաձեռնության մասին», - նշեց Միրզոյանը:
Հայաստանի համար դեռ պարզ չէ՝ Սահմանադրության փոփոխության հարց Ադրբեջանը բարձրացնում է՝ խաղաղության փաստաթուղթ չստորագրելու, բանակցությունները ձգձգելու համար, թե, ինչպես Արարատ Միրզոյանը ձևակերպեց, անկեղծ մտահոգված է. - «Եթե մտահոգություններն անկեղծ են, ապա համաձայնագիրը ստորագրելը բոլոր մտահոգությունները փարատելու ամենակարճ, ամենաարագ ու ամենաարդյունավետ միջոցն է»:
Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում. արտգործնախարարը դարձյալ հղում արեց ՍԴ որոշմանը:
«Պարտավոր ենք ստորագրումից հետո վավերացման գործում նորից դիմել Սահմանադրական դատարան: Մենք կարծում ենք, ելնելով նախորդ փորձից, որ Սահմանադրական դատարանը կրկին դրական եզրակացություն կտա, չեմ կարծում, թե իր կարծիքը, դիրքորոշումը նույն հարցով, նույն սահմանների վերաբերյալ Սահմանադրական դատարանը կփոխի: Իսկ սա նշանակում է, որ չկա մեր Սահմանադրությունում տարածքային պահանջ: Նաև գիտեք, որ մենք ունենք նույն մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ, բայց նաև մենք կարծում ենք, որ այս համաձայնագիրը ինչպես մեր դեպքում հարցը կարող է փակել, այնպես էլ իրենց դեպքում», - ասաց Միրզոյանը:
Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթաց կա ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի մտահոգությունները հիմնավոր են, այսօր պնդում էր նախարար Միրզոյանը: Բայց մինչև Սահմանադրությունից Անկախության հռչակագրի տեքստը հանելու ադրբեջանական պահանջի ձևակերպումը, կոնկրետ հռչակագրի փոփոխության հարց երբեք չի քննարկվել:
«Մենք այդտեղ պիտի մեր ներքին իրավակարգավորումները գուցե փոխենք կամ՝ չէ, այսինքն, պետք է մտածենք այդ հարցի շուրջ և հընթացս կարող ենք նաև անդրադառնալ նախաբանին, ամեն դեպքում: Սահմանադրությունը մի փաստաթուղթ է, որը ներքին ուղղվածություն ունի, ներքին նշանակություն ունի, բայց նաև կարող ենք հասկանալ, որ նաև պետության դեմքն է և ինչ-որ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական ուղերձներ կարող է պարունակել»:
Տանյա Ֆայոն ողջունեց խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ավարտը
Արտգործնախարարությունում այսօր Հայաստանի ու Սլովենիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների մամուլի ասուլիսն էր: Տանյա Ֆայոն ողջունեց խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ավարտը և հույս հայտնեց, որ դրան կհետևի ստորագրումն ու լարվածությունը տարածաշրջանում կնվազի:
ԵՄ-ն Խաղաղության հիմնադրամից Հայաստանին տրամադրվելիք օժանդակության հարցով քննարկումները շարունակվում են: Անցած տարվա համեմատ գումարը կրկնապատկվել է՝ 10-ից դառնալով 20 միլիոն եվրո: «Ազատության» տեղեկություններով՝ Մոլդովայի պարագայում, օրինակ, համաձայնությունն արդեն կայացել է, իսկ Հայաստանի դեպքում՝ դեռ ոչ:
«Այս տարի գումարը մի փոքր ավելի է, կրկնապատիկն է, և քննարկումները շարունակվում են, հուսով ենք, որ ապագայում դրական հանգուցալուծում կլինի», - ասաց Արարատ Միրզոյանը:
Սլովենիան, նախարարի խոսքով, աջակցել է Հայաստանի զինված ուժերին սատարելու առաջարկին: Եվրոպացի պաշտոնյան ասաց՝ միաձայն որոշում է անհրաժեշտ: Երկու նախարարները, սակայն, չպատասխանեցին հարցին՝ կա արդյոք այս օժանդակությանն ընդդիմացող երկիր:
Տանյա Ֆայոն նաև հայտարարեց՝ Սլովենինա սատարում է Երևանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, դա համարեց տարածաշրջանում խաղաղության ու կայունության շատ կարևոր հնարավորություն: