Մատչելիության հղումներ

Մինսկի խումբը հավելյալ արժեք չի տա և կարող է հակառակ ազդեցությունն ունենալ կարգավորված հակամարտության դեպքում. Միրզոյան


Երևանը պատրաստ ու կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը կարգավորված հակամարտության դեպքում:

«Մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում՝ ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտն ազդարարելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ, օրինակ», - այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Հետևաբար Մինսկի խմբի գոյությունը իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա և կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում, ստորագրված համաձայնագրի պարագայում: Այդ պատճառով կողմ ենք և բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին», - հավելեց նախարարը:

Հայաստանի վարչապետը երեկ հայտարարեց՝ Ադրբեջանին առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրել: Խաղաղության համաձայնագրի տեքստը կողմերը համաձայնեցրել են մեկ ամիս առաջ: Նախքան ստորագրելը Բաքուն պահանջում է լուծարել Ղարաբաղյան հարցի լուծման համար ստեղծված Մինսկի խումբը և փոխել Հայաստանի Սահմանադրությունը: Փաշինյանը հայտնել է, որ պատրաստ է Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսել:

Արարատ Միրզոյանն այսօր կրկին շեշտեց՝ ՀՀ Սահմանադրությունը չի պարունակում տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Մենք ունենք մեր գործընթացը սահմանադրական փոփոխությունների, բայց դա այն պատճառով չէ, որ մենք համարում ենք Ադրբեջանի մտահոգությունները հիմնավոր», - ասաց նա:

XS
SM
MD
LG