Այսօր հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն, հայտնում է ԱԳՆ-ն:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Ֆրանսիայի, այդ թվում՝ նախարար Բարոյի կողմից ցուցաբերված հետաքրքրությունը:
Վարչապետ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց՝ Ադրբեջանին առաջարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու Խաղաղության համաձայնագիրը ստորագրել միաժամանակ: Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի նախապայմաններից մեկն է, որ դրանից հետո կստորագրի համաձայնագիրը: Փաշինյանը լուծարելու պատրաստակամություն հայտնել էր ավելի վաղ:
Տևական ժամանակ է՝ ադրբեջանցի պաշտոնյաները պահանջում են Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին: Բաքուն այն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջ է համարում։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ:
Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվին՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ: