Մատչելիության հղումներ

Վարչապետին Գյումրիում համայնքապետի պաշտոնակատար նշանակելու լիազորություն տվող փոփոխությունն ընդունվեց առաջին ընթերցմամբ


Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ազգային ժողովի նիստ, արխիվ

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Տեղական ինքնակառավարման մասին օրենքի փոփոխությունը, որով վարչապետը Գյումրիում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու լիազորություն կստանա։

Նախագծի համահեղինակ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիմնավորեց՝ Հայաստանի երկրորդ քաղաքում իշխանության վակուում է առաջացել։ Նրա խոսքով՝ տեսականորեն հնարավոր էր կանխատեսել նման իրավիճակ, բայց չեն մտածել, որ միանգամից և՛ համայնքի ղեկավարը, և՛ տեղակալն ու ավագանու իշխող խմբակցության անդամները մանդատները վայր կդնեն, ու իշխանության վակուում կառաջանա, ինչպես եղավ Գյումրիում։

«Լինում են այսպիսի գործնական իրավիճակներ, երբ որ պարզապես դու պետք է որոշում կայացնես: Եվ ես չեմ ուզում միայն Գյումրիի օրինակով այս հարցը քննարկենք, որովհետև նման իրավիճակ տարբեր պատճառաբանությամբ կարող է ի հայտ գալ նաև նույն ընթացակարգով ձևավորված այլ համայնքներում», - հայտարարեց Վարդանյանը:

Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանն ասելու շատ բան չուներ, միայն նշեց, թե փոփոխությունն ըստ էության նորամուծություն չէ. - «Եվ կան մի շարք իրավիճակներ, երբ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի պաշտոնը թափուր լինելու պարագայում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավունք ունի ՀՀ վարչապետը՝ քաղաքային համայնքներում, և մարզպետը՝ գյուղական համայնքներում»:

Խորհրդարանի տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը խոստովանեց՝ անգամ այս փոփոխությունից հետո էլ Տեղական ինքնակառավարման մասին օրենքն ամբողջական չէ։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հիշեցրեց Վանաձորի օրինակը, երբ կրկին հրատապ օրենք փոխվեց, որ վարչապետը պաշտոնակատար նշանակի, մինչև վանաձորցիները ղեկավար ընտրելու հնարավորություն կունենան։ Իսկ այդ պաշտոնակատարն արդեն երեքուկես տարի է ղեկավարում է Վանաձորը։ Ի՞նչ երաշխիք կա, որ նույն սցենարով չեն գնա Գյումրիում, հարց բարձրացրեց Կյուրեղյանը:

«Վանաձորցու ընտրության արդյունքները զրոյացվել են, և երեքուկես տարի է տեղական ինքնակառավարում անվան տակ համայնքը ղեկավարում է ոչ համայնքի բնակչության կողմից նշանակված անձը, այլ՝ վարչապետի կողմից նշանակված անձը: Հիմա նույն իրավիճակն է նաև Գյումրիում ստեղծվելու: Ի՞նչ հավանականություն, որ այս պարագայում ժամանակավոր պաշտոնակատար նշանակվածը որոշակի փաստերի առկայության պարագայում չի ստանալու երկարաժամկետ գործունեության հնարավորություն», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Եթե ժամանակավոր պաշտոնակատարը հետագա ընտրություններում նաև թեկնածու է, ապա մյուսների նկատմամբ խտրական մոտեցում է և վարչական ռեսուրսի կենտրոնացում, որը կօգտագործվի ընտրությունների ժամանակ. սրանք ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններն էին։

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը մեղադրեց՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու անհրաժեշտություն չկա, և «Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում պարզապես իշխանություն է զավթում:

«Այնտեղ, որտեղ Սահմանադրության համաձայն տեղի բնակչությունը չի ընտրում համայնքի ղեկավար, ավագանի, էդտեղ դադարում է լինել տեղական ինքնակառավարում. սա նաև միջազգային հիմնարար փաստաթղթերի կարևոր պահանջներից է: Հետևաբար՝ այդ տեղերում պետական կառավարումն է սկսում աշխատել: Պետական կառավարումը Հայաստանի Սահմանադրության համաձայն վերապահված է տարածքներում մարզպետներին», - հայտարարեց Մինասյանը:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրում իշխանությունը զավթելու օպերացիա չի իրականացնում, հակադարձեց իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ այս ճգնաժամի մեղավորության սլաքն ուղղելով Գյումրիի կառավարումից հրաժարված քաղաքական ուժին՝ «Բալասանյան» դաշինքին։

«Եթե մենք ստեղծած լինեինք այս ճգնաժամը, սա ճգնաժամ չէր լինի առաջին հերթին՝ լավ պլանավորված սահուն օպերացիա կլիներ, չէինք մտածի՝ ում ենք ուզում նշանակել ԺՊ, չէինք անի ներքին փրայմըրիզներ, որ նշանակենք էն մարդուն, որը ինչ-որ հանրային վստահություն է վայելում, տենց գծած կգնայինք մեր ուզած ճանապարհով», - ասաց Թորոսյանը:

Վլադիմիր Վարդանյանն իր եզրափակիչ խոսքում որպես զեկուցող նշեց, որ խնդիրը շատ պարզ է՝ ունենք ճգնաժամ և այն պետք լուծվի։

«Ախր իրավական շատ պարզ գործընթաց է՝ ունենք ճգնաժամ, ունենք, ըստ էության, իրավական բաց, իրավական բացը պետք է փակվի այնպես, որ վաղը-մյուս օր նույն խնդիրները չառաջանան, և սա պետք է լուծենք», - ընդգծեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը:

Մինչ արտահերթ հրավիրված նիստում իշխանությունը առաջին ընթերցմամբ վարչապետին պաշտոնակատար նշանակելու հնարավորություն տվող օրինագիծն ընդունեց, Գյումրիում փրայմըրիզի առաջին օրն էր։ Դեկտեմբերի 8-10 անցկացվելիք նախնական ընտրություններից հետո պարզ կդառնա՝ յոթ թեկնածուներից ում կնշանակի վարչապետը Գյումրիի ղեկավար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG