Գյումրիի համայնքապետի ընդունարանն արդեն դատարկ է ու առանց ցուցանակի։
Գյումրիի չորրորդ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ամենակարճը կառավարեց՝ ընդամենը երեք տարի։ Մյուս բոլոր համայնքապետերն ամենաքիչը երկու ժամկետ պաշտոնավարել են։
Ցուցանակները հանված են նաև քաղաքապետի երկու տեղակալների աշխատասենյակներից։ Առաջին տեղակալ Լուսինե Սանոյանի՝ ավագանու անդամի մանդատը վայր դնելուց հետո դադարել են նաև նրա լիազորությունները որպես փոխքաղաքապետ։ Իսկ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրեական գործով անցնող ու տնային կալանքի տակ գտնվող մյուս տեղակալ Սուրեն Ջանոյանի պաշտոնավարումը դատարանի որոշմամբ է կասեցված։ Աշխատանքից ազատման դիմում այս պահի դրությամբ Ջանոյանը չի ներկայացրել։
Գյումրիի քաղաքապետարանը 200-ից ավելի աշխատակից ունի, առայժմ վեց հայեցողական պաշտոն զբաղեցնողներ՝ քաղաքապետի խորհրդականներն ու օգնականներն են միայն աշխատանքից ազատման դիմում գրել։ Բաժնի պետերն ու մյուս աշխատակիցները շարունակում են իրենց գործառույթները։
Գյումրիի կառավարումից հրաժարված «Բալասանյան» դաշինքը մինչ այս պահը խոստացած հայտարարությունը չի տարածել, ամբողջ կազմով մանդատները վայր դնելու որոշումն ընտրողներին չի բացատրել։ Լրագրողների հետ ևս չեն շփվում։
Ավագանու մյուս խմբակցություններում սպասողական վիճակ է, իրենց հետագա անելիքների մասին առայժմ գերադասում են լռել։ Միայն «Քաղաքացիական պայմանագրից» էին դեռ անցած շաբաթ հայտնել, թե Գյումրիում արտահերթ ընտրությունների են պատրաստվում։
Արդեն նախկին իշխող ուժը երեկ երեկոյան մանդատներից հրաժարվելու արձանագրությունն ընտրատարածքային հանձնաժողով ներկայացրեց, որում, ըստ հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի, «ասված է, որ «Բալասանյան» դաշինքը սոցիալական կուսակցության ավագանու անդամները վայր են դրել իրենց մանդատները սեփական դիմումների համաձայն, որի մեջ նաև համայնքի ղեկավար պարոն Սամսոնյանն է»: «Ու քանի որ ինքը իրեն դիմում չի գրում, ինքը արձանագրության մեջ ասում է, որ իր լիազորություններն էլ է դադարեցնում: Էս պարագայում Գյումրի ամայնքի ղեկավարը և առաջին տեղակալը էդ պահից արդեն գործող պաշտոնյաներ չեն», - շարունակեց Ղազարյանը:
Դիմումներում «Բալասանյան» խմբակցության 14 անդամները մանդատից հրաժարվելու պատճառների մասին որևէ գրառում չունեին։ Այս հարցով ընտրատարածքային հանձնաժողովը նիստ կգումարի, բայց հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ որոշում կայացնելու իրավասություն չունի. - «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը էս պարագայում որոշում չի կայացնում. էստեղ որոշումը կայացրել է համայնքի ղեկավարը՝ ինքն է ընդունել համայնքի ավագանու անդամների մանդատների վայր դնելը, մենք ուղղակի այդ փաստը արձանագրում ենք, և մեր գործողությունը՝ հերթական համարին տալ մանդատ և արձանագրել, որ քանի որ ցուցակում էլ մարդ չկա, էս տեղերը մնում են թափուր, այսքան բան: Մենք կայացած փաստը արձանագրում ենք»:
Ավագանին իր 19 մնացյալ անդամներով իրավազոր է շարունակել գործունեությունը, քանի որ քվորում ապահովելու համար 17 մանդատը կա։ Արդյոք կստացվի՞ արտահերթ նիստ գումարել նոր համայնքապետ ընտրելու օրակարգով, մնացյալ չորս խմբակցություններն առայժմ այս հարցի պատասխանը չեն տալիս։ Իսկ եթե չգումարեն ու ավագանին լուծարվի, ապա արտահերթ ընտրություններ կնշանակվեն։
Գյումրիի իշխող ուժը, որ դեռ երկու տարի էլ կարող էր կառավարել, հրաժարական տվեց դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ, գործարար Սամվել Բալասանյանի ու նրա չորս մերձավորների, այդ թվում՝ որդու դեմ քրեական վարույթի հարուցումից օրեր անց։