Մատչելիության հղումներ

Գյումրվա փրայմըրիզին 9 հայտ է ներկայացվել. արդեն հայտնի է՝ մեկը վերջնական ցանկում չի լինի


Գյումրիի քաղաքապետարանը, արխիվ
Գյումրիի քաղաքապետարանը, արխիվ

«Քաղաքացիական պայմանագիրն» այսօր երեկոյան կհայտարարի, թե ովքեր կմասնակցեն դեկտեմբերի 8-10-ը Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի համար անցկացվելիք փրայմըրիզին։

Վերջնաժամկետի ավարտին 9 թեկնածու է հայտ ներկայացրել՝ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, վարչապետի տիկնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը, երգիչ Արտյոմ Թումանյանն ու բլոգեր Դավիթ Քալաշյանը։

Արդեն հայտնի է, որ բլոգերը փրայմերիզի վերջնական ցանկում չի հայտնվի. Քալաշյանն «Ազատությանը» փոխանցեց, որ որոշել էր մասնակցել, բայց՝ վերապահումով, ինչի մասին, ասաց, բարձրաձայնել է երեկ ՔՊ վարչության նիստի ժամանակ։

«Էնտեղ նշված էր, որ պետք է լինես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ կամ համախոհ, իսկ ես համարում եմ Գյումրու «Քաղաքացիական» թիմը դավաճանական թիմ ու նույնը ասեցի երեկ վարչապետի ներկայությամբ», - փոխանցեց բլոգերը: Հարցին՝ «ինչպիսի՞ արձագանք եղավ», նա պատասխանեց. - «Վարչապետի կողմից, որքան որ զարմանալի էր, բավականին ադեկվատ արձագանք եղավ: Շատ մարդիկ ցանկացան, թե ինչի՞ եմ նման բան կարծում, ես կարողացա հիմնավորել իմ ասածները։ Ու կարծում եմ, որ բոլորի համար բավարար էր իմ հիմնավորումները»։

Ի՞նչ հիմնավորում է ներկայացրել՝ ներկաներին համոզելու, որ ՔՊ-ի Գյումրիի կառույցը դավաճանական է։

«Վարչապետը խնդրեց, որ էդ ամեն ինչը հիմնավորեմ, թե ինչից ելնելով եմ ես նման բան ասում, ու ես գտնում եմ, որ եթե ինչ-որ անձնավորություն իրա գործունելությամբ, իրա թեկուզ ֆեյսբուքյան գրառմամբ ստեղծում է պառակտում թիմի ներսում ՝ իրենց թիմի ներսում, կամ իրա գրառման պատճառով թեկուզ մի հայի կողմից հակակրանք է առաջացնում, ուրեմն իրա գործունեությունը, իրա գործողությունները դա դավաճանական գործողություն է», - մանրամասնեց Քալաշյանը:

ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը Դավիթ Քալաշյանի կողմից փակ նիստից մանրամասներ հանրայնացնելուն բավականին կոշտ արձագանքեց. - «Եթե էդպիսի մարդ կա, որ, օրինակ, երեկվա վարչության նիստի՝ փակ նիստի բովանդակությունը արդեն դարձրել է հանրային, և մենք, ըստ էության, հնարավոր է իրան չընտրենք, ես կարծում եմ՝ դա կլինի ճիշտ որոշում մենակ հենց նաև դրա համար»:

Քալաշյանն ասում է, որ հենց նիստի ժամանակ են վարչապետի հետ որոշել, որ ինքը չի մասնակցի փրայմըրիզին. - «Ընտրություններին չեմ մասնակցելու, այսինքն՝ նախնական ընտրություններին ամսի 8-ի, 9-ի, 10-ի»:

Արսեն Թորոսյանը պնդում է՝ ով է մասնակցելու, ով՝ չէ, ՔՊ վարչությունն է որոշում։ Այս դեպքում որոշել են նոր մոդելով առաջնորդվել ու գյումրեցիների կարծիքը հարցնել։

«Եվ եթե մենք, այնուամենայնիվ, որոշել ենք հարցնել գյումրեցուն, թե նա ում կուզենա տեսնել պոտենցիալ ԺՊ-ի և նաև հետո ՔՊ-ի թեկնածուի դերում, դա արդեն մի այնպիսի մեծ առաջընթաց է կրկին ժողովրդավարական զարգացում է, որ, նորից եմ կրկնում, ոչ մի բանով մենք պարտավոր չէինք անել՝ սա մեր, փաստացի, կամքի դրսևորումն է: Բայց, միևնույն ժամանակ, այո, էդ մարդիկ նաև ընտրվելու են մեր կուսակցական հայեցողությամբ, այսինքն՝ եթե էդպես չլիներ, պարզապես կասեինք՝ ժողովուրդ ջան, ով ուզում է թող լինի թեկնածուն», - հայտարարեց Թորոսյանը:

Նախնական ընտրություններին ցանկանում է մասնակցել ևս մեկ անկուսակցական՝ Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը։ Վերջինս նշում է, որ իր՝ քաղաքապետարանում ու սոցիալական ոլորտում աշխատած տարիների փորձը թույլ կտա քաղաքի կառավարումն այս ճգնաժամից դուրս բերել։

«Աշխատանքի բերումով անընդհատ շփվում եմ քաղաքացիների հետ, խորապես ծանոթ եմ նրանց գրեթե բոլոր սոցիալական պրոբլեմներին, և համայնքապետարանի աշխատած ժամանակվա փորձս թույլ կտա, որպեսզի ճիշտ կառավարել, այս բարդ իրավիճակից դուրս գալ», - «Ազատությանը» ասաց Մինասյանը:

Հարցին՝ ինչպե՞ս են ՔՊ-ականները վերաբերվել անկուսակցականի առաջադրմանը, նա պատասխանեց. - «Չէ, որևէ տարաձայնություն, խտրականություն կամ, որ տարբերվեր՝ ես անկուսակցական էի, անկեղծ ասած չեմ զգացել»:

Մյուս անկուսակացականը Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի ղեկավար Լևոն Անանյանն է։ Գյումրիի խնդիրների լուծման իր տեսլականն ունի։ Ասում է՝ չպետք է առաջնորդվել միայն այս պահին կառավարման ճգնաժամը լուծելով։

«Գյումրին պետք է հենց կոնցեպտ ունենա իր զարգացման, ու 20-30 տարվա հեռանկարի համար, ոչ թե մենակ էսօրվա խնդիրը լուծել: Այսինքն՝ տեսլականը պետք է լինի ոչ թե Ձեր ասած ճգնաժամը վաղվա օրվա հաղթահարելու, այլ տեսլականը պետք է լինի հենց ինքը 20-30 տարով առաջ, ու հենց նկարագիրը Գյումրի քաղաքի, որ ինչպիսի քաղաք ենք մենք ուզում ունենանք», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Անանյանը:

Թեկնածուների մեջ միայն մեկ կին կա։ ՔՊ երիտթևի Շիրակի մարզի համակարգող Էմմա Բարսեղյանը լսել է վարչապետի հորդորն ու իր դիմումն ուղարկել:

«Ելնելով Գյումրիում առկա բազմաթիվ խնդիրներից՝ որոշեցի փորձել որպես տնտեսագետ Գյումրիի առջև ծառացած անսահմանափակ խնդիրները սահմանափակ ռեսուրսներով լուծել: Հաջորդը՝ անընդհատ շահարկվում է, թե ՔՊ-ում երեք պատգամավոր կա, Գյումրիում այլ ՔՊ-ականներ չկան, հաջորդ դրդապատճառը այդ է, որ ՔՊ-ում Գյումրիի ՔՊ-ականները բազմաթիվ շատ են, նվիրյալները շատ են, գրագետ մասսան բավականին մեծ է, և ընտրվելու պարագայում այդ խմբին ականատես կլինեք նրա կատարած աշխատանքին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը:

Նախնական ընտրություններից ընդամենը հինգ օր առաջ իշխող ուժը դեռ չի բացահայտել, թե ինչ կարգով են փրայմըրիզն անցկացնելու արդեն մեկ ամսից ավելի ղեկավար չունեցող Գյումրիում։

XS
SM
MD
LG